Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու գլխավոր ֆինանսիստի երազանքը․«Կարող է պատահի Հրանուշի կանչը տեղի՞ն ըլնի, ետ գան, խանութներն էլի բացե՞ն»

Հոկտեմբեր 31,2017 20:12

Գյումրու ավագանու իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նիստի ժամանակ հետաքրքիր հարց ու պատասխան սկսվեց «Գալա» խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի ու քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանի միջև։

Վերջինս զեկուցեց, որ կատարվում է բյուջեի սեկվեստոր՝ նախատեսված ծախսերի կրճատում։ Օրինակ՝ բյուջեն պլանավորելիս՝ որպես կանխատեսվող եկամուտ չեն հաշվելու խմիչքից ու ծխախոտից գանձվող վարձավճարները 2 միլիոն դրամով պակասեցնելու են։

Պատճառը, ըստ տիկնոջ, այն է, որ Գյումրիում խանութներ կան, որոնք կամ վաճառվում են կամ վարձով տրվում։ «38 միլիոն վարչական բյուջեն ենք պակասեցնելու և 31 միլիոն ֆոնդային մասը։ Ֆոնդայինը, մենք բոլորս գիտենք, որ տարածք չունենք վաճառքի, հիմնական միջոց չունենք վաճառքի, պլանավորեցինք մտածելով, թե կստացվի տարածքներ օտարման համար, չունենք, և այդ իսկ պատճառով 31 միլիոն էլ ֆոնդային բյուջեից ենք պակասեցնում։ Եվ համամասնորեն նույն գումարի չափով՝ 69 միլիոնի չափով պակասում են ծախսերը։ Դե, եթե եկամուտ պիտի չունենանք, ծախսեր չենք կարող կատարել», -ասաց Լենա Ջիլավյանը։ Նա նաև մանրամասնեց, որ կպակասեն ասֆալտապատման, սարքավորումներ ձեռք բերելու գումարը, ինչպես նաև շենքերի կապիտալ նորոգման ծախսերը։

Լևոն Բարսեղյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ո՞ր շենքերի կապիտալ վերանորոգման մասին է խոսքը։ Լենա Ջիլավյանն ասաց, որ այդ շենքերի ցուցակն իր մոտ չկա։ «Մենք ծախսեր ենք նախատեսում, պարոն Բարսեղյան, ասենք շենքերի կապիտալ նորոգում, որի մեջ մտած էր մեր երկրորդ հարկի նորոգումը, մտած էր «Պիոներ պալատ»-ի նորոգումը։ Այս երկուսը կար, լիարժեք մրցույթը հայտարարվել, արվել է և աշխատանքների կատարողականները, վճարումներն արդեն եղել են, բայց հնարավոր է և մյուս մնացորդի համար նորոգվող շենք չի նախատեսվել, որովհետև արդեն իսկ զգում ես, որ գումար չես ունենա, մրցույթն անիմաստ տեղը չարժե հայտարարել ու սկսել աշխատանքներ», -պարզաբանեց Լենա Ջիլավյանը։

Լևոն Բարսեղյանը հարցրեց՝ եթե հայտարարում եք՝ որ «տարածքներ չունենք», ինչպե՞ս է, որ Գյումրու զարգացման հնգամյա ծրագրի (2017-2021թթ.) մեջ կան նախատեսված օտարման տարածքներ, հնարավո՞ր է գնորդներ չկան։ «Գնորդ չկա, տարածք էլ չկա»,-ասաց Լենա Ջիլավյանը։ Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էլ հավելեց, որ գնորդներ չեն եղել։

Լևոն Բարսեղյանին նաև հետաքրքրում էր, թե ինչո՞ւ են բյուջեն շատ պլանավորում, երբ նախկին պրակտիկայում թվեր կան։ Գլխավոր ֆինանսիստն ասաց, որ եկամտատեսակները շատ չեն պլանավորում, իսկ 2017 թվականի բյուջեն պլանավորել են՝ հաշվի առնելով նախորդ տարիների՝ 2015-2016 թվականների փաստացի մուտքերը։

« Բյուջեն էդպես է թելադրում, էդպես պետք է պլանավորենք, մենք գիտեի՞նք, որ որոշակի խմիչքի, ծխախոտի խանութներ կփակվեն, չգիտեինք, և էսպես դուրս եկավ, որ մենք ուզենք-չուզենք սեկվեստոր անենք»,-ասաց Լենա Ջիլավյանը։

Լևոն Բարսեղյանը շարունակեց․ «Տեսեք ինչ ունենք․ Գյումրու զարգացման հնգամյա ծրագրի մեջ նախատեսված է 3 միլիարդ 173 միլիոն եկամուտ։ Այս տարվա նախատեսվածից արդեն ասում եք, որ մոտ 68 միլիոն դրամ կրճատվելու է, դա բյուջեի մոտավորապես 2,5 տոկոսն է, մյուս տարվանը 3 միլիարդ 230 միլիոն է, ամեն տարի 2,5-3 տոկոսով ավելանում է։ Պլանավորված է, որ էս տեսակ աճ կա։ Այս լավատեսությունը հիմնավոր լինի, մեծ ուրախությամբ ընդունենք, բայց համ ասում եք կրճատվում է , համ կրճատվել է փաստացի ու էս տեսակ լավատեսական սցենար»։

Լենա Ջիլավյանը պատասխանեց, որ իրավունք չունեն բյուջեն պակաս պլանավորելու։ «Նայեք, սենց ա, միգուցե հետ գան, արտագաղթը դադարի, կարող է Հրանուշի կանչը՝ «Արի տունը» տեղին լինի, հետ գան կամ էդ խանութները էլի բացեն․․․», -ասաց Լենա Ջիլավյանը, որին Լևոն Բարսեղյանը հակադարձեց, թե լավատեսությունը տնտեսագիտության հետ ոչ մի կապ չունի։

«Մեկ-մեկ ունենում է։ Եթե պակաս պլանավորեմ ու հանկարծ 2018 թվի էս փողոցի, էս խանութը եկան բացեցին․․․ », -հակադարձեց Լենա Ջիլավյանը։

Լևոն Բարսեղյանը նշեց՝ կա երեք սցենար՝ լավատեսական, հոռետեսական ու այդ երկուսի արանքում գտնվողը՝ իրատեսականը։ Ըստ ավագանու անդամի, Գյումրու զարգացման հնգամյա ծրագիրը (2017-2021թթ.) գրված է ոչ թե իրական թվերը հաշվի առնելով, այլ լավատեսական սցենարով։ «Մոտավորապես նույնն է, որ 15 հոգի ունեցող ընտանիքի համար մի բան ես պլանավորում, մեկ էլ տարվա ընթացքում 3 հոգին արտագաղթում են, հասկանալի է, որ ուրիշ ձև պետք է պլանավորվի, էլի, մեր մոտ անկում է, շատ վատ է, բոլորիցս գնացել են»,-ասաց Լևոն Բարսեղյանը։

«Եթե տան համար չենք կարողանում ռեալ բյուջեն պլանավորեք, էս հսկա քաղաքի համար ո՞նց կարող ենք պլանավորել, տարատեսակ ծախսեր են պետք»,- պատասխանեց Լենա Ջիլավյանը։

Լևոն Բարսեղյանը խոստացավ այս մասին գրել իր կարծիքը, որին Լենա Ջիլավյանն արձագանքեց․ «Հա դե, դու գրում ես, ես էլ կարդում եմ»։

Գյումրու զարգացման հինգամյա ծրագիրը կքննարկվի նոյեմբերի 6-ին՝ ավագանու նիստին։ Ավագանու ընդդիմադիր անդամը ևս մի շարք առաջարկներ է արել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031