2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանը մեկ ու կես տարի տևած անշարժությունից հետո այսօր ինքնուրույն առաջին քայլերն է կատարել:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Է. Բաբայանը պատմել է, որ օրերս կատարած կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորման արդյունքում արդեն առաջին քայլերն է կատարել:
«2016 թվականի ապրիլի 10-ին՝ առավոտյան ժամը 8-ի կողմերը հակառակորդի կողմից արձակված արկից, ծանր վիրավորում եմ ստացել: Երբ գիտակցությունս վերականգնվել է, արդեն գտնվում էի Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կատարած բուժումների արդյունքում որոշ չափով ապաքինվել եմ, բայց չէի կարողանում քայլել: Այնուհետև վերադարձել եմ Մարտակերտ, որտեղ ապրում է ընտանիքս: Շատ դժվարությունների եմ դիմակայել, խոչընդոտներ հաղթահարել, բայց չեմ կորցրել հույսս, որ մի օր ամբողջովին կապաքինվեմ: Այսօր, փառք Աստծո, ես նորից ոտքի եմ կանգնում»,- ասել է Էրիկը:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին, ԱՀ առողջապահության նախարարության հրավերով Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը Ստեփանակերտում իրականցրել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ, Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանի կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում: