Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը կես կատակ-կես լուրջ կարծիք հայտնեց, թե «ֆոկուսնիկ ազգ ունենք. ստանում է 40-50 հազար դրամ, բայց միայն կոմունալների համար վճարում է 60-70 հազար դրամ»:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ hանդիպմանը Մելիտա Հակոբյանը ցավով արձանագրեց, որ թանկացել են անգամ լայն սպառման ապրանքները. «Եղել ենք նաև մարզերում: Մի քանիսում թանկացել են անգամ լայն սպառման ապրանքները, քանի որ մայրաքաղաքից գնում, տանում են այնտեղ վաճառում. մի բան էլ իրենք են գնի վրա ավելացնում»:
Անդրադառնալով մսամթերքի համատարած թանկացումներին՝ տիկին Հակոբյանն ասաց. «Միայն միսը 40 և ավելի տոկոսով թանկացել է: Դա հանգեցնելու է մսամթերքի՝ երշիկեղենի, բաստուրմայի թանկացման: Այստեղ մի ուրիշ վտանգ էլ կա: Քանի որ անասնակեր չկա, սկսել են անասունները մորթել: Իսկ եթե անասունները մորթում ու վաճառում են, մենք կունենանք արդեն կաթնամթերքի խնդիր: Կաթնամթերք արտադրողները, որոնք արտադրում են 100, 90, 80 տոկոս կաթից, գները կբարձրացնեն»:
Կարագի՝ 100 և ավելի տոկոսով թանկացումը տիկին Հակոբյանն անտրամաբանական է համարում. «Մեր պետական մարմիններն ունե՞ն այն հարցի պատասխանը, թե կարագը որ երկրներում է թանկացել: ՌԴ-ում չկա կարագի թանկացում, Ֆինլանդիայում, Կանադայում, որտեղից ստանում ենք կարագ՝ ևս, միայն Նոր Զելանդիայում է այն թանկացել»:
Տիկին Հակոբյանը նաև զգուշացրեց, որ շուկայում հայտնվել է 1300 դրամանոց կարագանման մթերք. «Չգիտես ինչու՝ վրան գրված է կարագ,վերցնելու ենք լաբորատոր հետազոտման: Հարցին, թե սա ի՞նչ է վաճառողն ասաց՝ ասել են կարագ: Սա խայտառակություն է. մոլորության մեջ են գցում սպառողին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ