Վաշինգտոն, 31 հոկտեմբերի, 2017 թ. Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունները շարունակել են իրենց գործարար միջավայրի բարելավմանը, աշխատատեղերի ստեղծմանը և աճի խթանմանն ուղղված բարեփոխումների ակտիվ ծրագիրը՝ ըստ Համաշխարհային բանկի խմբի «Գործարարություն» (Դուինգ բիզնես) զեկույցի հոբելյանական 15-րդ թողարկման:
Այսօր հրապարակված՝ «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցում գրանցվում են վերջին տարվա ընթացքում տարածաշրջանում իրականացված 44 բարեփոխումները՝ նախընթաց 15 տարիներին ընդունած բարեփոխումների ընդհանուր թիվը հասցնելով 673-ի:
Տարածաշրջանի տնտեսություններից երկուսը՝ Կոսովոն և Ուզբեկստանն առանձնանում են որպես տարվա լավագույն համաշխարհային բարելավողներ, իսկ տարածաշրջանի 24 տնտեսություններից 13-ը դասվում են Գործարարության համաշխարհային վարկանշային աղյուսակի լավագույն 50 երկրների թվում:
Անցյալ տարվա բարեփոխումները հիմնականում իրականացվել են գույքի գրանցման (8 բարեփոխումներով), վարկերի ստացման (յոթ) և փոքր բաժնետերերի պաշտպանության (վեց) ոլորտներում: Օրինակ՝ Վրաստանն ուժեղացրել է փոքր բաժնետերերի պաշտպանությունը՝ հստակեցնելով սեփականության և հսկողության կառուցվածքները:
Ռուսաստանի Դաշնությունը դյուրացրել է գույքի փոխանցումը՝ կրճատելով սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման դիմելու համար անհրաժեշտ ժամանակը: Կոսովոյի բարեփոխումները ներառել են նոր օրենքների ընդունումը՝ անվճարունակության պատճառով լուծարումն ուժեղացնելու և վարկերի մատչելիությունը բարելավելու համար: Ուզբեկստանն ուժեղացրել է փոքր բաժնետերերի պաշտպանության միջոցները՝ ավելացնելով կորպորատիվ թափանցիկության պահանջները, իսկ Լիտվան դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ պարզեցնելով ընթացակարգերն ու նվազեցնելով միացման վճարները:
Թուրքիան ոչ միայն ամրապնդել է վարկերի մատչելիությունը ապահովված գործարքների վերաբերյալ նոր օրենքի ընդունմամբ, որով ստեղծվում է գրավի միասնական ռեգիստր և արտադատարանական կարգով գրավի առարկայի նկատմամբ իրավունքի կիրառման հնարավորություն, այլ նաև բարելավել է իր վարկերի հաշվետվական համակարգը՝ ընդունելով անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենք: Ուկրաինան հեշտացրել է շինարարական թույլտվությունների տրամադրումը՝ զգալիորեն իջեցնելով վճարները:
Այս տարի Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության առումով զբաղեցնում է 47-րդ տեղը՝ նախորդ տարվա զեկույցում 38-րդ տեղի համեմատ: Նախկինում հրապարակված վարկանիշի այս փոփոխության հիմնական պատճառներն են՝ այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումները:
«Սահմանագծից հեռավորության ցուցանիշը, որը գնահատում է երկրի կանոնակարգման աշխատանքների բացարձակ մակարդակը 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ 100-ը՝ սահմանագիծն է, Հայաստանի միավորը «Գործարարության 2017 » զեկույցի 71.92-ի համեմատ «Գործարարություն 2018» զեկույցում դարձել է 72.51», – ասում է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: «Սա նշանակում է, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանն իր գործարար կարգավորումները բարելավել է, ինչպես արտացոլված են բացարձակ արտահայտությամբ Գործարարության զեկույցի ցուցանիշներում: Երկիրն իրապես շարունակում է փոքրացնել համաշխարհային կարգավորման սահմանագծից հեռավորությունը, ինչը դրական զարգացում է»:
Մասնավորապես, «Գործարարություն» զեկույցի եզրահանգմամբ Հայաստանը 2016/17 թթ. զգալի փոփոխություններ է իրականացրել կարգավորման տեղական դաշտում.
- Հայաստանը դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ միացման ընթացակարգերի համար պարտադրելով նոր ժամկետներ և կոմունալ ընկերությունում ներդնելով աշխարհագրական տեղեկությունների նոր համակարգ.
- Հայաստանը գույքի գրանցումը դյուրացրել է՝ բարելավելով հողերի կառավարման համակարգի վեճերի կարգավորման մեխանիզմները:
Անցյալ տարի տարածաշրջանում բարեփոխումներ իրականացրած մյուս տնտեսությունների թվում են՝ Ղազախստանը (երեք բարեփոխում), Ղրղզստանը (մեկ) և Տաջիկստանը (երկու): Ղազախստանը, օրինակ, պայմանագրերի կիրարկումը դյուրացրել է՝ հիմնական դատական գործընթացների համար սահմանելով ժամկետների լրացուցիչ չափանիշներ, որոնք գործերի մեծ մասի դեպքում պահպանվում են: Ղրղզստանում իրականացված բարեփոխումները վարկերի մատչելիությունն ամրապնդել են երկու նոր որոշումներով, որոնք ստեղծում են գրավի միասնական և արդիական ռեգիստր և նաև բարելավել են վարկային հաշվետվական համակարգը՝ ընդունելով վարկային տեղեկությունների փոխանակման մասին նոր օրենք: Տաջիկստանը դյուրացրել է նոր գործ սկսելը՝ բարձրացնելով ավելացված արժեքի հարկի պարտադիր գրանցման համար հասույթի շեմը և վերացնելով մի ընթացակարգ՝ գույքի գրանցումը դյուրացնելու համար:
«Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունները շարունակում են ներկայացնել բարեփոխումների շատ ամուր ծրագիր»,- ասաց Սանտյագո Կրոսի Դաունեսը, «Դուինգ բիզնես» ստորաբաժանման ծրագրի ղեկավարը: «Նշված բարեփոխումների ազդեցության տարածմանը զուգահեռ հավանական է, որ մենք տեսնենք ավելի դինամիկ մասնավոր հատված, որը կնպաստի տարածաշրջանում տնտեսական աճի խթանմանը»:
Տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշն ունեցող տնտեսություններն են՝ Վրաստանը (9-րդ տեղ), Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետությունը (11) և Լիտվան (16):
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունները լավագույն արդյունքներն են արձանագրել Գործարարության՝ փոքր բաժնետերերի պաշտպանության և գույքի գրանցման ոլորտներում: Օրինակ՝ առևտրային գույքի փոխանցման համար պահանջվում է միջինը 20 օր՝ 49 օր համաշխարհային միջին ցուցանիշի համեմատ:
Տարածաշրջանում շարունակվում է շինարարական թույլտվությունների և էլեկտրաէներգիայի ստացման ցուցանիշների թերակատարումը: Տարածաշրջանում շինարարական թույլտվություն ստանալու համար միջինը պահանջվում է 168 օր՝ միջինը 158 օր համաշխարհային ցուցանիշի համեմատ: Եվ տարածաշրջանում ձեռնարկատիրոջից 114 օր է պահանջվում էլեկտրացանցին միանալու համար՝ համեմատած 92 օր համաշխարհային միջին ցուցանիշի հետ:
Վերջին 15 տարիների ընթացքում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաջողությունների մասին հիմնական փաստերը․
- Գործ սկսելը և հարկերը վճարելը բարեփոխումների ամենատարածված ոլորտներն են՝ համապատասխանաբար 120 և 108 բարեփոխումներով.
- Տասնհինգ տարի առաջ առնվազն 43 օր էր պահանջվում տարածաշրջանում նոր գործի գրանցման համար՝ համեմատած այժմվա 10 օրվա համեմատ: Այն 20 օրվա համաշխարհային միջին ցուցանիշի կեսն է կազմում: Այս առումով տարածաշրջանի լավագույն կատարողականով տնտեսությունը Վրաստանն է, որտեղ նոր գործի գրանցման համար պահանջվում է երկու ընթացակարգ և երկու օր՝ 2003 թ. ինը ընթացակարգի և 25 օրվա համեմատ:
- Վրաստանը վերջին 15 տարիներին իրականացրել է ամենամեծ՝ ընդհանուր թվով 47 բարեփոխումներ, որին հաջորդել են Ղազախստանը և Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետությունը՝ յուրաքանչյուրը 41-ական բարեփոխում:
Ամբողջական զեկույցը և դրա տվյալների խմբերը հասանելի են www.doingbusiness.org
կայքում: