Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքիի ջրվեժի ջուրը մինչեւ նոյեմբերի 1-ը պետք է առավոտյան 10-ից մինչեւ երեկոյան 19:00-ն լինի, բայց…

Հոկտեմբեր 31,2017 17:48

«Ելք» խմբակցությունից Անահիտ Բախշյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառման տեսքով իր մտահոգությունն էր հայտնել երկրի վարչապետին, էկոնոմիկայի նախարարին ու բոլոր պետական այրերին առ այն, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժը տուրիստները առանց ջուր են տեսնում: Գրառման մեջ նշվում է, որ օրեր առաջ տուրիստական այց է եղել տարածք ու այդպես էլ չեն կարողացել տեսնել ջրվեժի գեղեցկությունը առատ ջրով, քանի որ՝ մեջբերում եմ. «Յոթգլխանի հրեշը ջուրը փակել էր ու ինչ-որ մե՜ծ բան էր ուզում այն թողնելու համար, տուրիստներն էլ չէին տվել»:

Ըստ տիկին Բախշյանի, նախապես հետաքրքրվել էր ու Սիսիանի փոխքաղաքապետը վստահեցրել էր, որ Շաքիի ջրվեժը բաց է. «Բայց պարզվեց նա ճիշտը չգիտի կամ ճիշտ չի ասում»:

Նշենք, որ գործող «Հակոբջանյան եւ Գալստյան ՀԷԿ»-ի կամ Շաքիի ՀԷԿ-ը պատկանում է Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին:

Այս տեսքն է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 28-ին ջրվեժը՝ ըստ «Հայրենի բնության գինը» օգտատիրոջ

Aravot.am-ը փորձեց Սիսիանի քաղաքապետարանից պարզել, թե որն է եղել պատճառը, բայց մեզ տեղեկացրին, որ փոխքաղաքապետը Երեւանում գործուղման է, քաղաքապետը արձակուրդի մեջ է, լրատվական բաժին չունեն եւ չեն կարող անձնական հեռախոսահամար տրամադրել:

Հեռախոսահամար չտրամադրեց նաեւ, Շաքիի ՀԷԿ-ի աշխատակիցը, ոմն Հրաչիկ անունով եւ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալուց:

Մեզ հետ խոսեց միայն Շաքիի գյուղապետ Վահան Ղազարյանը: Վերջինս ասաց, որ թեպետ խնդրին չի տիրապետում, բայց իր ունեցած տեղեկությամբ` մինչեւ նոյեմբերի 1-ը ջրվեժի ջուրը պետք է առավոտյան 10-11-ից մինչեւ երեկոյան 19:00-ն լինի. «Քանի անգամ պատահական եղել եմ ջրվեժի տարածքում, ջուրը եղել է: Այս տարվա ընթացքում 10 անգամի չափ միայն մաքրման աշխատանքներ ենք կատարել ջրվեժի տարածքում, համայնքի դպրոցի երեխաների հետ մեկտեղ»:

Համայնքապետը նշեց, որ մարդիկ են եղել, որ նույնիսկ զանգել են իրեն եւ հետաքրքրվել են՝ կարո՞ղ է գանք, ջրվեժի ջուրը չլինի, որից հետո պարոն Ղազարյանը նշեց, որ խնդիր չի եղել. «Ես էլ ասել եմ, որ գաք ու խնդիր լինի, նորից կզանգեք, բայց ոչ մեկը հետո չի զանգել բողոքել»:

Նշենք, որ Շաքիի ջրվեժը համարվում է Հայաստանի ամենաբարձր ջրվեժը ՝18 մետր եւ արդեն վաղուց, ՀԷԿ-ի գործունեության շնորհիվ, չունի բնականոն ջրային հոսք եւ ջուրը ժամով կամ այցելուների խնդրանքով է միացվում:

Ավելի վաղ ՀՀ բնապահպանության նախարարությունը հաղորդել էր, որ սահմանել է «Շաքի» ՓՀԷԿ-ի ջրօգտագործման նոր ռեժիմ, ըստ որի` ընկերությունը Շաքի գետից լիարժեք ջրառ կարող է անել միայն մարտի 15-ից ապրիլի 30-ը` 11:00-ից 17:00-ից, մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ը` 11:00-19:00-ից, հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 15-ը` 11:00-17:00 ժամանակահատվածներից դուրս:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031