Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր հստակեցումներ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հարցով՝ Կիևում՝ «Եվրանեսթ»-ի լիագումար նիստին

Հոկտեմբեր 31,2017 17:10

Կիևում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին այսօր՝ Երևանի ժամանակով 20.00-ին անցկացվելու է քննարկում՝ Արևելյան գործընկերության հեռանկարի և մասնավորապես նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի վերաբերյալ:

Aravot.am-ը «Եվրանեսթ» -ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է այդ քննարկումից հետո հստակություն և որոշակիություն մտցվի ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հետ կապված հարցով:

Տիկին Թանդիլյանը պատասխանեց. «Շրջանակային համաձայնագրի ստորագրման հետ կապված հայկական կողմը հայտնել է իր դիրքորոշումը ընդհուպ մինչև ընդդիմադիր «ԵԼՔ» դաշինքի հայտարարությունն առ այն, որ մենք սատարում ենք ստորագրման գործընթացին: Նախկին փորձը ցույց է տալիս, որ կանխատեսել որևէ բան հնարավոր չէ, մյուս կողմից, ինչպես հայտնի է, փաստաթուղթը նախաստորագրված է և որևէ փոփոխության ենթակա չէ: Եթե այս դրույթներն ընդունելի են եղել Հայաստանի և ԵՄ-ի համար, կա լեգիտիմ ակնկալիք, որ այն պետք է ստորագրվի Բրյուսելում, և որևէ կողմի հետ կանգնելը պետք է սլաքներն ուղղի դեպի արտաքին ուժերի ճնշումներ»:

Մեր հստակեցմանը՝ հնարավո՞ր է այսօր Արևելյան գործընկերության հեռանկարների թեմայով քննարկմանը Կիևում անդրադարձ լինի կոնկրետ ՀՀ-ԵՄ համաձայնագրին, Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Վստահ չեմ կարող ասել, բայց հնարավոր է նման անդրադարձ լինի»:

Մեր այն դիտարկմանը՝ կարծիք կա, որ «Եվրանեսթ» -ի նկատմամբ ԵԽ պատգամավորներն առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերում և հարցին՝ Մանե Թանդիլյանն ի՞նչ տպավորություն ունի և ինչպե՞ս կարելի է «Եվրանեսթ»-ը՝ որպես հարթակ օգտագործել. Պատգամավորը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ երեք երկրներ՝ Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան, արդեն ասոցացվել են, այլ աշխատանքային ձևաչափ է նախատեսվում իրենց համար: Միևնույն ժամանակ Հայաստանը ևս նախատեսում է ստորագրել շրջանակային համաձայնագիր, որն այլ մակարդակ կտեղափոխի Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Հետևաբար ձևաչափի արդիականությունը և արդյունավետությունը կարող է դառնալ քննարկման առարկա: Միևնույն ժամանակ Եվրոպական խորհրդարանի մասնակցության որակն ու քանակը ևս հուշում է, որ ձևաչափը վերանայման կարիք ունի: Ինչևէ, սա միջազգային հարթակ է, որտեղ որոշակիորեն ընդհանրական խնդիրներ ունեցող Արևելյան գործընկերության երկրները փորձում են քննարկումների միջոցով գտնել խնդիրների լուծման սեփական ուղիները՝ եվրոպացի գործընկերների օգնությամբ և առաջարկություններով: Կարծում եմ շփումների այսպիսի ձևաչափի կարիք կա, սակայն այն պետք է փոփոխական լինի և արդիականացվի՝ կախված երկրների զարգացման տեմպերից և բռնած ուղիներից»:

Մանե Թանդիլյանը նաև տեղեկացրեց, որ հանդիպել է ԱԼԴԵ քաղաքական խմբի անդամների հետ, քննարկել ԱԼԴԵ-ի դիրքորոշումն առաջարկվող փաստաթղթերին և դրանց փոփոխություններին: Մանե Թանդիլյանը ներգրավված է «Եվրանեսթ»-ի չորս հանձնաժողովներից տնտեսականում, որտեղ Հայաստանը նաև նախագահող երկիր է: Նա մանրամասնեց. «Այստեղ քննարկվում էր երիտասարդության գործազրկությանը վերաբերող զեկույցը, ինչպես նաև ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունների զարգացումը: Մասնավորապես ինձ հետաքրքրում էր այն գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս Ուկրաինայի ՓՄՁ-ներին ինտեգրվելու և մրցունակ լինելու ԵՄ շուկայում, ավելացնել ապրանքաշրջանառությունը: Ապա ներկայացրեցի մեր կողմից առաջարկված հաջորդ զեկույցի թեման»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031