Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Բժիշկը գնա Ամուլսարո՞ւմ աշխատի

Հոկտեմբեր 31,2017 16:04

Այս տարի պետական համակարգից աշխատանքից ազատվել է 700 մարդ, հաջորդ տարի նախատեսվում է եւս 5560 աշխատատեղի կրճատում: Այսօր խորհրդարանում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ այս թվերը հրապարակեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ հետաքրքրվեց`ի՞նչ են մտածում պատկան-պետական մարմինները. «Ի՞նչ խորհուրդ կտաք, պետական համակարգում օպտիմալացման գեղեցիկ անվան տակ կրճատել եք եւ կրճատելու եք»:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանն ասաց`ներդրումներ են լինում, նոր աշխատատեղեր են բացվում եւ պետական համակարգից ազատվողները կարող են աշխատանք գտնել մասնավոր համակարգում. «Վստահ եմ, որ այն աշխատակիցները, ովքեր պետական կառավարման համակարգում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կփորձեն իրենց տեղը գտնել մասնավոր հատվածում, կգտնեն համարժեք եւ արժանի հնարավորություն: Հազարավոր աշխատատեղեր են ստեղծվել մասնավոր հատվածում եւ 2018 թվականի ընթացքում կշարունակեն ստեղծվել, դրանք հնարավորություն կտան իրենց տեղը գտնել այն մասնագետներին, ովքեր ունեն համապատասխան որակ»:

«Բժշկին ասելու են՝ գնա Ամուլսարում աշխատի՞»,- հեգնեց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով. «Ձեր կառավարության անդամներից մեկը գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հարցին` ի՞նչ ձեռքբերում է արձանագրել ձեր գերատեսչությունը, «Քոմեդի քլաբին» հարիր պատասխան էր տվել՝ հույս, հավատ եւ սեր: Ցավով պիտի արձանագրեմ, որ անգամ այդ հույսն ու հավատը մենք որեւէ կերպ չենք արձանագրել: Չի կարելի, ամեն ինչ պետք է չափ ու սահմանի մեջ լինի»:

Պատգամավորը նաեւ հարցրեց. «Ո՞ւր կորան 850 մլն դոլարի ներդրումները, որ մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է ապահովեիք»: Նա հորդորեց` պարտքերը, որոնք բեռ են մեր եւ մեր սերունդների վրա, ներդրում չհաշվել: Նկատեց` կառավարությունը 2017-ի համար կանխատեսել է 3,2 տոկոս տնտեսական աճ, սակայն ցանկացած քաղաքագիտական տրամաբանություն հուշում է, որ «փուչիկ» է այն աճը, եթե այդ աճի տակ իրական զարգացում չկա: Բացի այդ, ունենք խայտառակ գնաճ, առաջին անհրաժեշտության ապրանքները 50 տոկոսով թանկացել են:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չդիմացավ, տեղից միջամտեց` եթե ուզում ենք հարկատուի գումարները նպատակային օգտագործել, պետք է գնալ օպտիմալացումների. «Մենք մի կողմից խոսում ենք, որ օպտիմալացման անհրաժեշտություն կա, բայց մյուս կողմից էլ, երբ գնում ենք օպտիմալացման, սկսում են քննադատությունների տեղատարափ թափել: Նախ 5500-ը չպետք է նույնականացնել ֆիզիկական անձանց հետ, ովքեր աշխատում են, դա հաշվարկային ցուցանիշ է: Այնտեղ կան բավական շատ աշխատատեղեր, որոնք զբաղեցված չեն»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031