Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրիասն ասաց՝ միտինգ պիտի անենք, ժողովրդին բորբոքենք, գնանք տղաներին միանանք»

Հոկտեմբեր 31,2017 15:29

Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր հարցաքննվեց գործով առանցքային վկա Գեղամ Սահակյանը: Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը պնդում է, որ այս վկան ներդրված վկա է ու Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի հիմքում այս կեղծ վկայի կեղծ ցուցմունքներն են: Հիշեցնենք նաեւ, որ Գեղամ Սահակյանն ավելի վաղ Aravot.am-ին ասել էր, որ ինքը Ժիրայր Սեֆիլյանի թիկնապահն է եղել:

Սահակյանն ասաց, որ աշխատում է տոնավաճառում՝ որպես պահակ, իսկ Ղուկասյանին ճանաչում է 2015թ.-ից, մտերիմ են եղել: 2016 թվականի հուլիսին «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակահատվածում ինքը «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում հանդիպել է Անդրիաս Ղուկասյանին, վերջինս իրենից հետաքրքրվել է՝ Գլինկա եւ հարակից փողոցներում ոստիկաններ կան, թե ոչ. «Անդրիասը բերեց քարտեզ, որի վրա նշումներ կային, ցույց տվեց այդ փողոցը, ես էլ ասացի՝ էդ հատվածում ոստիկաններ չկան: Հարցրի, թե ինչի համար ես հարցնում, Անդրիասն ասաց, որ միտինգ պիտի անենք, ժողովրդին տանենք, բորբոքենք, որ գնանք, տղաներին միանանք… Անդրիասն ասաց, որ պիտի ժողովրդին ոգեւորեին, անպայման պիտի միանան, տղաները մեզ են սպասում: Ասաց նաեւ՝ պիտի գնանք, ջարդենք, փշրենք: Նա ինձ ասաց նաեւ, որ երկու տարբեր փողոցներով մարդկանց պիտի տանենք, որ ոստիկանությանը խուճապի մատնեն: Ես էլ ասի՝ զգույշ եղի, եթե Ալեք Ենիգոմշյանին ձերբակալել են, քեզ էլ կձերբակալեն»:

Անդրիաս Ղուկասյանը հարցրեց՝ ինչու նախաքննական մարմնին չի ասել, 2016թ. հուլիսի 17-ին առավոտյան 08:00-ի սահմաններում երեք անգամ խոսել է Գագիկ Եղիազարյանի հետ, ինչին ի պատասխան վկան ասաց՝ իրեն չեն հարցրել, թե ինչ է խոսել, ինքն էլ չի ասել. «Չեմ կարա ասեմ, կներեք, կարող ա շատ բան խոսած լինեմ: Ինձ Գագոն ասաց՝ մարդ հավաքի, ես էլ ասել եմ՝ չեմ կարա»:

Անդրիաս Ղուկասյանը նաեւ հայտնեց, որ վկան իրենից հետաքրքրվում էր, թե ուր է Գարեգին Չուգասզյանը, ում հուլիսյան հայտնի իրադարձությունների ժամանակ որոնում էր ոստիկանությունը, ինչը հերքեց վկա Սահակյանը:

Պաշտպան Կարեն Մեժլումյանը այսօր դատարանում կրկնեց իր ավելի վաղ հայտնած դիրքորոշումը, թե վկան ոստիկանության կողմից ներկայացված գործակալ է եւ դրա համար է Ղուկասյանից փորձել ճշտել, թե որտեղ է Չուգասզյանը:

Կարեն Մեժլումյանի այս հայտարարությունից հետո դատախազ Պետրոսյանը միջնորդեց դատական սանկցիա կիրառել նրա նկատմամբ՝ վկայի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար:

Դատախազ Պետրոսյանի խոսքով, գործակալները դատարաններում ցուցմունք չեն տալիս, ինչին արձագանքեց ամբաստանյալի մյուս պաշտպան Ինեսսա Պետրոսյանը. «Գեղամ Սահակյանը բացահայտված գործակալ է»:

Անդրիաս Ղուկասյանն էլ շարունակեց իր դիտարկումները, թե ինչպես ինքը առաջատար ճարտարապետական ընկերության ղեկավար լինելով՝ կարող էր ընկերություն անել Գեղամ Սահակյանի հետ, որը հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում, խարդախության համար էլ դատված է:

«Մենք մտերիմներ ենք եղել, դու ինձ հետ կիսվել ես, ընկերներ ենք եղել… երբ պետք ա եղել, զանգել ես, կանչել ինձ, օգնել եմ քեզ»,- արձագանքեց Գեղամ Սահակյանը:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031