Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա դարձել է հաշմանդամություն ունեցող անձ». պաշտպանը միջնորդեց վերացնել Հ. Հարությունյանի կալանքը

Հոկտեմբեր 31,2017 15:08

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում 2016թ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայարփի Սարգսյանը ներկայացրեց Հարությունյանի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդություն: Փաստաբանը նշեց, որ Հարությունյանի առողջական վիճակը բարդ է, իսկ որակյալ բուժօգնության շարունակականությունը՝ պարտադիր:

«Կալանքը համատեղելի չէ նրա բուժման հետ: Նրան անհապաղ անհրաժեշտ է բուժում, որը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմաններում հնարավոր չէ: Նրա վիճակը վատացել է կալանավորվելուց հետո՝ «Դատապարտյալների հիվանդանոցում», որն իրականում հիվանդանոց չէ, այդտեղ մարդիկ խոշտանգվում են»,-նշեց Հայարփի Սարգսյանը՝ հավելելով, որ անմարդկային վերաբերմունքի եւ պայմանների հետեւանքով Հովհաննես Հարությունյանն այլեւս աշխատունակ չէ եւ դարձել է հաշմանդամություն ունեցող անձ:

Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը: Փաստաբան Մուշեղ Շուշանյանն արձանագրեց, որ խնդիրը համակարգային է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անգամ տարրական կենցաղային-սանիտարահիգիենիկ պայմաններ չկան:

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ հավելեց, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  բժշկական որակյալ կազմ չկա:

Մեղադրող-դատախազները միջնորդության դեմ առարկեցին՝ ասելով, որ Հարությունյանի պարագայում առկա են քննությանը խոչընդոտելու, օրինակ՝ դատարան չներկայանալու եւ փախուստի դիմելու հիմքեր:

Դատավոր Արթուր Օհանյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում՝ զենքի գործադրմամբ, զավթել և պահել է շենքեր, շինություններ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031