«Այն անունները, որ գրված են, այդ մարդիկ գործուղման են եղել`եւ Աշոտյանը, եւ Բաբլոյանը, եւ Վահրամ Բաղդասարյանը: Կորյուն Նահապետյանը դահլիճում է եղել: Միայն Խոսրով Հարությունյանը հինգ րոպե ուշացումով է եկել»,-Aravot.am-ի հետ զրույցում`պատասխանելով հարցին`ինչո՞ւ երեկ սկսված 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ-ն բոյկոտեց վարչապետի եւ կառավարության ներկայացրած ծրագիրը, ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Մամուլում այսօր հրապարակվել էին այն պատգամավորների անունները, որոնք չէին մասնակցում բյուջեի նախագծի քննարկումներին:
Էդուարդ Շարմազանովն ասում է, որ գնահատականները, թե ՀՀԿ-ն բոյկոտում է վարչապետին, իրականությանը չեն համապատասխանում`նկատելով, որ այսօրվա քննարկումներին էլ մեծամասամբ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են մասնակցում. «Այս պահին 11-12 պատգամավոր են մասնակցում, որից 8-ը`ՀՀԿ-ական. սա՞ է բոյկոտումը: Կարեն Կարապետյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչն է, նախագահի, մեր թիմի կողմից նշանակված վարչապետն է, մենք մի թիմ ենք ներկայացնում: Բոլոր փորձերը`ստվեր գցել եւ փորձել ինչ-որ բաներ տեսնել կառավարության եւ ԱԺ-ի մեծամասնության միջեւ, անթույլատրելի են: ԱԺ նախագահը գործուղման մեջ է, ես, որպես ԱԺ փոխնախագահ, տեղում եմ, խմբակցության ղեկավարը գործուղման մեջ է, քարտուղարը տեղում է, հանձնաժողովների նախագահները տեղում են: Սա մեր բյուջեն է, մեր կառավարության եւ մեր վարչապետի բյուջեն է, ՀՀԿ-ն էլ սատարում է այս բյուջեին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ