«Օրինականից շատ 6-7 անգամ գումարներ ենք վճարում, բայց դուրս ենք գալիս անօրինական այս երկրում աշխատող: Որ օրը ուզում են՝ մի հատ կիսագրագետ գալստուկը կիսատ-պռատ կապում է ու գալիս՝ էս ո՞ւր ես տանում, էս քեզ որտեղի՞ց: Այդ օրենքները, որ ընդունում են իրենք, այդ օրենքներով կաշխատե՞ն: Սովետական ԿԳԲ-ի օրոք այդ օրենքները չի եղել, ո՞նց կարող են այսպիսի օրենք բերել: Այդ օրենքը գրողը ավանտյուրա է անում՝ թալանելու համար, պղտոր ջուր է անում»,- այսօր ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհատ ձեռնարկատեր Նիկոլայ Մարկոսյանը:
Նա դժգոհում էր, որ այսօր առանց այդ էլ իրենք են մնացել հարկ վճարող ու հարկայինը րոպեն մեկ կանգնում է իր գլխին, ուզում է վերահսկի, թե որ ապրանքը ուր տարավ, ում տվեց, ինչ արեց. «Տնից մի ապրանք հանես՝ մի հատ ձրիակերի լակոտ գալիս ասում է՝ քեզ որտեղի՞ց: Քո ի՞նչ գործն է որտեղից»:
Ըստ առեւտրականի, փոխանակ տեղական արտադրությանը զարկ տալու, առանց այն էլ իրենց ստիպում են ներկրել, այն էլ՝ Թուրքիայի քրջերը. «Պայմանները ստեղծեք, թող մարդիկ արտադրեն, արտահանեն»:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտից «Առինջ մոլի» եւ մյուս տոնավաճառների առեւտրականները բողոքի ակցիա էին անում խորհրդարանի մոտ՝ պահանջելով փոխել Հարկային օրենսգիրքը:
Առեւտրականները Բաղրամյան պողոտայի մուտքի մոտից շարժվեցին Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ եւ սկսեցին վանկարկել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի անունը: Նրանք պահանջում էին Մելքումյանին իջնել, ասում էին, որ այսքան ժամանակ ինքն է կանգնել առեւտրականների կողքին:
Մինչ Մելքումյանը կգար, առեւտրականների հետ զրուցեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նա հետաքրքրվեց՝ ո՞ւմ եք դիմել, գրավոր դիմում ունե՞ք: Առեւտրականներն ասացին, որ ոչ. «Բա այդպես չի լինի, այ ժողովուրդ ջան, գրավոր դիմեք կետերով՝ ինչ եք ուզում»: Առեւտրականները արձագանքեցին՝ «բան չենք ուզում, մեզ հանգիստ թողեք: Հարկայինը մեզ արդեն ուտում է: Մենք հարկերը չտանք՝ մեզ խցանի նման դուրս կթռցնեն»:
Մարգարիտ Եսայանը բացատրեց, որ եթե պահանջ ունեն, գրավոր ձեւակերպեն եւ փոխանցեն իրեն. «Ցանկացած բողոք կարող է իրավական ուժ ունենալ, եթե գրավոր ներկայացվի եւ կոնկրետ պատգամավորը, օրինակ, ես իմանամ այս մարդիկ ինչ են ուզում, որ ըստ այդմ գնամ լուծումները տամ: Ես պատրաստ եմ այս մարդկանց օգնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ