«Առավոտը» խնդրեց Գեղարքունիքի մարզպետի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանին անդրադառնալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարի թեկնածու Հակոբ Ավետյանի նախընտրական շտաբի հայտարարությանը: Հայտարարությունում մասնավորապես մեղադրանքներ կան, թե «Հակոբ Ավետյանի նախընտրական շտաբը փաստարկված ահազանգեր է ստանում այն մասին, որ Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանի գլխավորությամբ, մարզի պետական կառույցները բացահայտորեն և պարկեշտության բոլոր նորմերը ոտնահարող ինքնավստահությամբ, ձեռնամուխ են եղել Զոյա Գևորգյանի օգտին ընտրաքվեների ապահովմանը: Դա, իհարկե, իրականացվում է վարչական լծակ ների անթաքույց կիրառմամբ, այն է՝ շարքային ընտրողին «հետագա վատ հետևանքներով» սպառնալու, ահաբեկելու և ընտրակաշառք խոստանալու ճանապարհով»:
Զոհրաբ Եգանյանն ասաց. «Որպես Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը խնդիր ունի մարզում տեղի ունենալիք ընտրությունները հավուր պատշաճ կազմակերպելու և անցկացնելու՝ համապատասխան ՀՀ օրենսդրությանը։ Վարչական լծակների օգտագործման մասին պնդումներն անհիմն են և խորհուրդ եմ տալիս թեկնածուին նախընտրական քարոզչությունը տանել առանց այլոց հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու, այս փուլում թույլ տվեք սահմանափակվել այսքանով։
Ինչ վերաբերում է զորամաս այցելելուն, նախ հորդորում ենք բանակի անունը չշոշափել ՏԻՄ ընտրություններում, իսկ մարզպետի այցերը զորամասեր և դիրքեր կրում են պարբերական բնույթ ու այդ մասին տարածաշրջանում գիտեն, այցերի հետ կապված տրվել են նաև մամուլի հաղորդագրություններ, ինչին կարող են ծանոթանալ բոլորը։ Մաղթում եմ թեկնածուներին առողջ մրցապայքար»: