Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵԿ նախագահը կոռուպցիոն դաշտն է ուժեղացնում, ի՞նչ պարտադիր է իմանա՝ տանը ինչ եփեցինք, կերանք». Բողոքի ցույց (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2017 14:39

Այսօր վաղ առավոտից «Առինջ մոլի» եւ մյուս տոնավաճառների առեւտրականները բողոքի ցույց էին անում խորհրդարանի մոտ՝ պահանջելով փոխել Հարկային օրենսգիրքը:

Առեւտրականներից մեկը՝ ԱՁ Կարինե Գեւորգյանը պահանջում էր հաստատագրված վճար սահմանել, ոչ թե իրենց հարկային տեռորի ենթարկել՝ ամեն ապրանքի տեղաշարժի համար թուղթ պահանջելով. «Ամեն Աստծո օր մենք տեռորի ենք ենթարկվում: Ամեն օր չի կարելի այսքան հարկ տալ ու տեռորի ենթարկվել: Ասում եք ԵՏՄ ենք մտել, եթե ՌԴ-ում կարող են հաստատագրված վճարել, եթե Եվրոպայում կարող են եկամտահարկ չմուծել ու աշխատի, վաճառքի դեպքում մուծի, այդ ժամանակ կերեւա, մենք շատ խոշոր հարկատու կլինենք:Իսկ եթե չեն ուզում երեւա, ուզում են իրանց գրպանը մտնի՝ դա արդեն երկրորդ խնդիրն է, ուրեմն թող իրենց ձուկը բռնեն: Ուզում եմ հասկանամ՝ ի՞նչն է մեր կառավարության նպատակը, հայ ազգին Հայաստանում ցեղասպանությա՞ն ենթարկել: Թող նախօրոք ասեն, թողնեն գնան, ոչ թե էս ձեւով կոտորեն: Բանկերում ամբողջ վարկերը ԱՁ-երինն է, եթե մեր վիճակը լավ լինի, մենք տոկոս չենք փակի»:

Առեւտրականներն ասում էին, որ մարդ կա՝ գրել չգիտի, ինչու են այսքան ծանրաբեռնում, անընդհատ թուղթ ուզում՝ ամեն ապրանքի տեղաշարժի համար: Եթե որեւէ ապրանք առեւտրականը տանի առեւտրի կետ ու տեղյակ չպահի, չունենա կտրոնը, տուգանք պետք է վճարի 240 հազար դրամ:

Լրագրողները փոխանցեցին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի պարզաբանումը, որ պիտի իմանան շրջանառությունը, թե ինչքան են վաճառել, որ կարողանան հարկերը հավաքել: «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը, որը կազմակերպել էր բողոքի ակցիան, նաեւ առեւտրականները պատասխանեցին. «Ի՞նչ պարտադիր է Վարդան Հարությունյանն իմանա դուք տանը ինչ եփեցիք, ինչ կերաք: Ես հարկատու եմ, հարկը տալիս եմ՝ վերջ, ինձ հասանելիք հարկը դուրս եմ հանում, դրանից հետո թե ես սոված կմնամ, թե վարկը կավելացնեմ, ինչ կանեմ՝ դա Վարդան Հարությունյանին չպիտի հետաքրքրի: Վարդան Հարությունյանը մտահոգ չի, կոռուպցիոն դաշտն է ուժեղացնում»:

Արմեն Ներսիսյանը դժգոհեց հարկային քաղաքականությունից, ըստ նրանց, 20 տոկոս հարկը ամբողջ աշխարհում վաճառքից հետո են վճարում, մեզ մոտ՝ սահմանի վրա են վճարում, 10 տոկոս մաքսային ծառայության փողն են տալիս, 32 տոկոսը առեւտրականը արդեն 1 կգ բերելու դեպքում վճարում է, հիմա թող 2 տոկոս է, 1,5 է, ավելացնեն, սահմանում միանգամից տան ու վերջ, էլ հարկայինը չմտնի իրենց տները, իրենց ամեն ապրանքի հետեւից ընկնի: Արմեն Ներսիսյանի խոսքով՝ «Հովիկ Աբրահամյանը, երբ վարչապետ էր, մեզ 3 անգամ ընդունեց, իսկ հիմիկվա վարչապետը շատ լավ մարդ է, շատ լավ ընկեր է, բայց մեզ չի ընդունել: Տեսնում են, որ երկրի նախագահը զբաղված է արտաքին քաղաքականությամբ, առեւտրականին սարքել են մի հատ գել ու գազան ու ճիշտ ձեւով չեն ներկայացնում երկրի նախագահին»:

Ըստ առեւտրականների, եթե Սերժ Սարգսյանին ճիշտ ներկայացնեն իրենց պահանջը, նա անխոս կընդունի այն, ինչ իրենք են առաջարկում, որովհետեւ իրենք հարկերից չեն խուսափում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031