Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԽՍՀՄ-ում 57 վայրկյանը մեկ մի մարդ էին գնդակահարում». Դավիթ Գասպարյան

Հոկտեմբեր 31,2017 14:35

Գրականագետ Դավիթ Գասպարյանի համոզմամբ՝ օգոստոսի 9-ը պետք է հիշատակվի որպես ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակի օր:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը գրականագետն այս առիթով կարծիք հայտնեց. «Եթե ցեղասպանության օր նշում ենք ապրիլի 24-ը, ապա ստալինյան բռնաճնշումների, ցեղասպանության օրը ըստ իս՝ պետք է լինի 1936-ի օգոստոսի 9-ը: Գուցե մի օր էլ դա հիշատակի օր հռչակվի: 1936-ը ձերբակալությունների, շղթաների տարի էր, 1937-1938-ը՝ զարհուրելի գնդակահարությունների: Վիճակագրություն կա, որ 57 վայրկյանը մեկ ԽՍՀՄ-ում մի մարդ էին սպանում»:

Գրականագետի հավաստմամբ՝ ստալինյան բռնաճնշումները տարածվել են ԽՍՀՄ-ի մեջ մտնող բոլոր երկրների վրա. «Ռուսաստանում կա այդ մեկ օրը, բայց մենք այդպիսի օր չունենք: Չգիտեմ՝ մեզանում դեռ կանդրադառնան թե՝ ոչ, բայց պաշտոնական հայացքով այժմ անտարբեր, պակաս, թերի վերաբերմունք ունենք»:

Գրականագետն ասաց, որ ուսումնասիրել է Բակունցի կնոջ ցուցմունքը Բակունցի վերաբերյալ: Դա եղել է վկայություն և գրվել Բակունցի արդարացման կապակցությամբ. «Նա պատմում է, որ երբ ձերբակալությունից հետո առաջին անգամ տեսակցել է Բակունցին, նա ժպտում և ասում էր՝ սա թյուրիմացություն է, և կտեսնեն, որ բան չկա, բաց կթողնեն: Երկրորդ այցելության ժամանակ Բակունցը թաշկինակը արցունքներից քամում էր: Իսկ երրորդ այցելության ժամանակ կինը տղային ևս վերցրել էր, և Բակունցը կնոջն ասել է՝ համարիր վթարից մահացել եմ, իսկ որդուն ասել էր՝ երբեք վատ չզգաս հորդ համար. հայրդ այնպիսի արարք չի գործել, որ ամաչես»:

Իրավապաշտպան, «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ երկու քրեական գործ է ուսումնասիրել նույն տարածաշրջանից. «Ըստ այդ գործերից մեկի՝ գյուղացին ձերբակալվել է միայն նրա համար, որ երբ ժողովին ասվել է, թե գյուղը մսի մթերման պլանը չի կատարել և գյուղացիներն իրենց անասունները պետք է տան, վերջինս նշել է՝ կարդում է խորհրդային թերթերը և տեսնում՝ «հսկայական քայլերով առաջ ենք շարժվել»:

Պարոն Հարությունյանն անդրադարձավ Թումանյանի տուն-թանգարանում «Խավարում» ցուցադրությունը չեղյալ համարելուն: Նա ասաց. «Ցուցադրությունը խափանվեց, քանի որ կոնկրետ անուններ էին հրապարակվում ցուցահանդեսին»:

Դավիթ Գասպարյանը նաև նշեց, որ ստալինյան բռնաճնշումներն իրենց արտացոլումն ունեցան նաև գրականության մեջ. «Սոլժենիցի «Գուլագ արշիպելագը» շատ կարևոր գիրք է: Դժբախտաբար ոչ կարդում են, ոչ գիտեն, մինչդեռ հզոր գիրք է ստալինյան հետապնդումների մասին: Պատահական չէ, որ Ռուսաստանում այսօր Սոլժենիցինն այլևս հարգի չէ. համարում են ՌԴ հեղինակությունը վնասող գիրք: Ուզում էին դպրոցական ծրագրերի մեջ մտցնել, բայց չմտցրին»:

Դավիթ Գասպարյանի վստահեցմամբ՝ Ռուսաստանն այսօր քայլ է անում դեպի ստալինիզմ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031