Լրահոս
Օրվա լրահոսը

189-ամյա Զովաբեր գյուղի հոգսերն ու առօրյան (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 31,2017 14:32

Հրազդան քաղաքից 2 կմ հեռավորության վրա գտնվում է Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղը: Այն սփռված է Փամբակի լեռնաշղթայի հարավարևմտյան բազուկների ստորոտում`Հրազդան գետի աջ ափին:

Զովաբերը հնագույն պատմությամբ բնակավայր է, ունի մոտ 189 տարվա պատմություն: Գյուղը նաև աչքի է ընկնում իր բուսականությամբ, վարելահողերով: Ցավոք, դրանց միայն մի մասն է մշակվում: Գյուղացիների հավաստմամբ՝ ունեն գյուղտեխնիկայի (կոմբայնի) խնդիր:

Գյուղապետ Սամվել Եսայանը մեզ հետ զրույցում բարձրացված խնդիրների մասին մանրամասնեց. «Վարելահողերն ամբողջությամբ չեն մշակվում, միայն 30-35 հեկտարն է մշակվում, տեխնիկան էլ բավական թանկ արժե` մոտ 70-100 հազար դոլար, ու 20-30 տարի էլ նույնիսկ աշխատեցնելու դեպքում չենք կարողանա իր գնին համարժեք օգուտ ստանալ»:

Զովաբերն ունի նաև ոռոգման ջրի խնդիր: Մեր հարցին՝ արդյոք փորձե՞լ են լուծել այդ խնդիրը, գյուղապետը պատասխանեց. «Խնդիրը կա դեռ վաղուց. ջուրը գյուղ է հասնում Սևանի ջրատարից և 10-11 կմ է անցնում մինչև գյուղ հասնելը, 5 կմ անցնում է Հրազդանի գյուղերի տարածքով՝ բաց խողովակներով: Հրազդանի տարածքում ևս մշակում են հողեր, հետևաբար օգտվում են այդ ջրից և դրանից հետո պարզ է դառնում, որ այդ ջրից շատ քիչ է հասնելու գյուղին: Տարածքն էլ պետք է «հսկել»՝ հակառակ դեպքում ընդհանրապես գյուղը ջուր չի ունենա: Մենք դիմում ենք ներկայացրել, որ գոնե բաց խողովակները փոխարինվեն փակերով»:

Չնայած Զովաբերը փոքր գյուղ է, այնուամենայնիվ, ունի մոտ 40 անապահով ընտանիք: Գյուղապետի հետ զրույցում այս խնդրին ևս անդրադարձանք: Նա պարզաբանեց. «Անապահով ընտանիքներին որոշ չափով օգնում է գյուղապետարանը`սեփական բյուջեի հաշվին՝ վառելափայտ ձեռք բերել, անհրաժեշտության դեպքում նաև՝ դեղորայք, ինչպես նաև նորածիններին է գումար տրամադրվում»:

Զովաբերի գյուղապետարանի շենքն ունի վերանորոգման կարիք. կան առանձին սենյակներ, որոնք կիսաքանդ վիճակում են, իսկ մի մասն էլ նորոգվել է այն գյուղացիների ջանքերով, որոնք գտնվում են արտերկրում:

Հարցին՝ մոտ ապագայում նախատեսվո՞ւմ է վերանորոգել այդ սենյակները, պարոն Եսայանը պատասխանեց. «Նախատեսվում է և նույնիսկ արդեն որոշ չափով կատարվում է»:

Գյուղի՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցը հիմնադրվել է 1976-ին և ներկայումս ունի 180 աշակերտ՝ 10-ը շրջանավարտ: Չնայած աշակերտները քիչ են, բայց դպրոցը հաճախ է գրանցել հաջողություններ: Տնօրեն Զոհրակ Հովհաննիսյանի խոսքերով՝ շրջանավարտներից շատերն են ընդունվում բուհեր, նաև մասնակցում օլիմպիադաների`գրավելով բարձր հորիզոնականներ:

Զովաբերի դպրոցի շենքը ևս ունի վերանորոգման կարիք: Տնօրենը նշեց, որ 1-2 շաբաթից սկսվելու են վերանորոգման աշխատանքներ:

Երկար տարիների պատմություն ունեցող այս գյուղը տեսել է նաև պատերազմ: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 400-ից ավելի զովաբերցի, որոնցից 118-ը չի վերադարձել: Գյուղում տեղադրված է հուշարձան, որտեղ ամեն տարի հավաքվում են գյուղացիները` հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին: Այստեղ է հուղարկավորված նաև ազատամարտիկ Շահեն Խաչատրյանը:

Արտագաղթի խնդիրը Զովաբերում էլ է մտահոգիչ: Գյուղից շատերն են հեռանում`արտերկրում աշխատանք գտնելու: Այստեղ այնպիսի ընտանիքներ, որտեղ ամուսինը բացակայում է, շատ կան: Մկրտչյանների ընտանիքը ևս բացառություն չէ: Արդեն 8 ամիս է, Խաչիկ Մկրտչյանը երկրում չէ: Նա լքել է հարազատ գյուղը, որպեսզի արտերկրում աշխատանք գտնի: Նրա կնոջ`Լիանա Եսայանի խոսքերով՝ ամուսինն այստեղ չէ, քանի որ չի կարողանում երկրում աշխատանք գտնել, իսկ լինելու դեպքում էլ աշխատավարձը չի բավականացնում. գյուղի հետ կապված կան ծախսեր, որոնց համար մեծ գումարներ են պետք:

2008 թվականի տվյալներով՝ գյուղում բնակվում է 1771 անձ: Գյուղացիներից փորձեցինք պարզել՝ ի՞նչ հետաքրքիր դեպքեր կհիշեն: Չնայած նրան, որ շատերը խուսափեցին պատասխանել մեր հարցերին, այնուամենայնիվ, եղան մարդիկ, որ սիրով պատասխանեցին: Լյուդվիգ պապը Զովաբերում է բնակվում ծնված օրվանից`77 տարի, որևէ դեպք չառանձնացրեց`ասելով, որ գյուղում իր անցկացրած ամեն օրը լի է հետաքրքրություններով:

Փաստ է այն, որ չնայած գյուղում առկա խնդիրներին, ոչ ոք որևէ բողոք չուներ: 64-ամյա Պայծառ Պետրոսյանը բնակվում է այս գյուղում 44-45 տարի, սիրում է գյուղը և գոհ է Զովաբերից:

Գյուղում հետաքրքիր է անցնում նաև փոքրիկների առօրյան. 8-ամյա Ռաֆայելը սովորում է 3-րդ դասարանում, մեզ հետ զրույցում ասաց, որ սիրում է իր գյուղը, դպրոցը, ընկերներին և պատասխանեց, որ ազատ ժամանակ սիրում է անցկացնել ընկերների հետ, որոնց հետ տարբեր խաղեր է խաղում:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

2-րդ կուրս

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031