Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով հերթական դատական նիստն է՝ դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ: Ամբաստանյալների պաշտպաններից Դավիթ Գյուրջյանը միջնորդեց «Սասնա ծռերի» գործից անջատված երկու մասերը միացնել իրար:
Հիշեցնենք, որ գործը երեք անջատ մասերով է քննվում: Գյուրջյանի խոսքով՝ դա դատավարական լուրջ խնդիրներ է առաջացնելու եւ իրականում պայմանավորված չէ օբյեկտիվ իրականությամբ:
«Գործերի անջատման հիմքում դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի գլխավորությամբ, դրել է տեխնիկական բարդությունները եւ փորձել է դրանցով պատճառաբանել գործի քննության ողջամիտ ժամկետները: Մինչդեռ նշյալ բարդությունները պայմանավորված էին բացառապես իր ապօրինություններով՝ ամբաստանյալներին առանց հիմքերի նիստերի դահլիճից հեռացնելով, պաշտպանների հանդեպ սանկցիաներ կիրառելով»,-նշեց Դավիթ Գյուրջյանը:
Ամբաստանյալների շահերի պաշտպաններից փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդության առնչությամբ համոզմունք հայտնեց, որ գործերի անջատ քննության հետեւանքով արդարադատության շահն է տուժելու, քանի որ մեղադրանքները հիմնականում նույնն են. «Երեք առանձին վարույթներով նույն ապացույցներն են հետազոտվելու: Պարզ է, որ շատ խնդիրների ենք բախվելու: Հավանական է, որ վկաները էապես տարբերվող ցուցմունքներ կտան: Այդ դեպքում դատարաններն ինչպե՞ս կգնահատեն դրանք»:
Ամբաստանյալների պաշտպաններից Երվանդ Վարոսյանն էլ կարծիք հայտնեց, որ գործերն անջատ քննելու դեպքում դատավոր Արթուր Օհանյանն ինքն է խնդիրներ ունենալու՝ արդարադատության շահի տեսանկյունից. «Պատկերացրեք, այդ գործով դատավճիռ եք կայացնում, երբ մյուս գործերով դեռ ապացույցներ են հետազոտվում: Դուք ձեր դատավճռով արդեն իսկ մեղավոր եք ճանաչելու բոլորին, չէ՞ որ մեղադրանքը նույնն է»:
Մեղադրող դատախազները միջնորդության դեմ առարկեցին՝ պնդելով, որ գործերն անջատ քննելը չի հակասում քրեական դատավարության օրենսգրքին, իսկ դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործողությունները եղել են օրենքի շրջանակներում: Դատավոր Արթուր Օհանյանը որոշեց նշյալ միջնորդությունը մերժել՝ համարելով, որ իրավունք չունեն այլ դատարանի որոշում քննել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ