«Օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է բոլորը հարկերը վճարեն: Հարկերից խուսափելու համար եթե դիմում են նման ակցիաների, պետք է ոչ թե քաջալերել նրանց, այլ պետք է բացատրել, որ չի կարելի միտինգ անելով խուսափել հարկերից: Այդ առևտրականների հետ հանդիպում է եղել, մանրամասն բացատրվել է՝ ինչ պետք է անեն, եթե դրանից էլ են խուսափում եւ փորձում են մանիպուլյացիայի դիմել, չի լինելու: Կոշտ վարչարարություն է լինելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Հիշեցնենք, այսօր խորհրդարանի մոտ բողոքի ցույց էր տեղի ունենում: «Առինջ մոլի» աշխատակիցները բողոքում էին, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Հարկային օրենսգրքով» նախատեսվող փաստաթղթաշրջանառության կրճատում:
ՊեԿ նախագահն ասում է`իրենք առեւտրականներին անգամ առաջարկել են անվճար հաշվապահություն: Վերջիններս հրաժարվել են: Պատճառն, ըստ ՊԵԿ նախագահի այն է, որ շրջանառությունն են թաքցնում: Բայց ոչ բոլորը. կան տնտեսվարողներ, որոնք աշխատում են օրինական դաշտում և հարկերից չեն խուսափում, նաեւ կան մարդիկ, որոնք «թաքնվելով» անապահով խավի անվան տակ, ունենալով մեծ հնարավորություններ, այդ մարդկանց ուղղորդում են այդ քայլերի:
Հարցին`ովքե՞ր են ուղղորդողները, Գագիկ Ծառուկյա՞նը, հնչեց պատասխան. «Գագիկ Ծառուկյանն իմ լավ ընկերն է, իմ լավ բարեկամն է, եւ իր հեղինակությունն օգտագործելով փորձել է մի քանի օր առաջ առեւտրականներին հասկացնել, որ մեր արածն օրինականության սահմաններում է, իր «Առինջ մոլում» տարածք է հատկացրել, որ մենք փորձենք ավելի մատչելի ժողովրդին բացատրենք, նաև մենք պատրաստ ենք նման ծառայություն մատուցել մյուս տոնավաճառներում նույնպես: Եվ այդ մարդիկ պետք է հասկանան, որ հետդարձի ճանապարհ չկա, պետք է աշխատել: Չէ, նոր քիչ առաջ ասեինք` մանրածախ առևտրի ոլորտում կա մեծ ստվեր, այդ ստվերի դեմ ենք պայքարում եւ պետք է հաղթենք»:
ՊԵԿ նախագահն այդպես էլ չասաց ուղղորդողի անունը:
Վարդան Հարությունյանն ասաց նաեւ, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններում հարկային ստուգումների արդյունքում էական խախտումներ չեն գտնվել. «Բոլոր տնտեսվարողների մոտ իրականացնում ենք ստուգումներ: Ստուգումների ցանկը կազմվում է նախորդ տարի, այսինքն` 2016թ-ին է այդ ցանկը կազմվել և այդ ցանկի մեջ մտել են նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններ և ստուգվում են: Նորմալ երևույթ է»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը`Ծառուկյանը ձեր ընկերն է, դրա՞ համար խախտումներ չեն հայտնաբերվել, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ոչ, ես կողմնակալ չեմ, բոլորին ստուգում ենք»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ