ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարի թեկնածու Հակոբ Ավետյանի նախընտրական շտաբն այսօր հայտարարություն է տարածել՝ այն հասցեագրելով ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ պաշտպանության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության և գիտության նախարարներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ ԿԸՀ նախագահին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ս.թ. նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, Գեղամասար համայնքում մեկնարկած նախընտրական-քարոզչական գործընթացները հատկապես վերջին օրերին սկսել են ստանալ քաղաքակիրթ ընտրապայքարի տրամաբանությանը հակոտնյա, խիստ մտահոգիչ դրսևորումներ, որոնք, ըստ մեր համոզման՝ նպատակ ունեն թեկուզ ՀՀ կառավարության որդեգրած համայնքների խոշորացման ռազմավարությունը հիմնովին վարկաբեկելու գնով, ընտրվելու ապօրինի ուղիներ հարթել Հակոբ Ավետյանի մրցակից Զոյա Գևորգյանի համար: Գեղամասար համայնքի կազմում «փնջային» սկզբունքով միավորված 18 գյուղերից, ասել է թե՝ մեր ողջ ընտրատարածքից, ամեն օր Հակոբ Ավետյանի նախընտրական շտաբը փաստարկված ահազանգեր է ստանում այն մասին, որ Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանի գլխավորությամբ, մարզի պետական կառույցները բացահայտորեն և պարկեշտության բոլոր նորմերը ոտնահարող ինքնավստահությամբ, ձեռնամուխ են եղել Զոյա Գևորգյանի օգտին ընտրաքվեների ապահովմանը: Դա, իհարկե, իրականացվում է վարչական լծակների անթաքույց կիրառմամբ, այն է՝ շարքային ընտրողին «հետագա վատ հետևանքներով» սպառնալու, ահաբեկելու և ընտրակաշառք խոստանալու ճանապարհով:
Բանը նույնիսկ այնտեղ է հասել, որ նորաթուխ մարզպետ Կ. Բոթոյանը, կորպուսի հրամանատարի հետ հոկտեմբերի 25-ին այցելել է Գեղամասարի պայմանագրային զորամաս, հանդիպել հրամկազմին և պայմանագրային զինծառայողներին հրահանգել նոյեմբերի 5-ին ընտրել Զոյա Գևորգյանին: Ամեն օր սահմանի վրա իրենց կյանքը վտանգող պայմանագրային զինծառայողներին, ովքեր ընտանիքի օրվա հացը վաստակում են նման ծանր և շնորհակալ աշխատանքով, բառացի ասվել է, որ հրահանգին հակառակ գնալու պարագայում, նրանց համար շատ արագ իրական կդառնա աշխատանքից զրկվելու հեռանկարը: Սա էլ քիչ համարելով՝ օրերս Գեղարքունիքի մարզպետը իր էությանը ոչ հարիր ինքնավստահությամբ հայտարարել է. «Փող էլ ենք բաժանելու, ամեն ինչ անելու ենք Զոյայի համար… Ո՞վ կարա ինձ խանգարի… »:
Ինչ վերաբերում է պետական այլ կառույցների կողմից իրականացվող նախընտրական ապօրինություններին, ապա, հաշվի առնելով դրանց բազմազանությունը, մատնանշում ենք դրանցից միայն մեկ-երկուսը: Մեզ բազմիցս ահազանգել և դեռ ահազանգում են այն մասին, որ ընտրողների տներ են այցելում «Փարոս»-ի ներկայացուցիչները, հրամայական տոնով հորդորում իրենց քվեն տալ Զոյա Գևորգյանին՝ խոստանալով հակառակ պարագայում նրանց զրկել նպաստից և ապագա բոլոր հնարավոր պետական օգնություններից: Ահազանգերի մի զգալի մասը հնչեցրել են մեր ենթաշրջանի դպրոցների ուսուցիչները և բուժաշխատողները, որոնց տնօրենները հայտնել են «վերադասից ստացված խիստ հրահանգի մասին» և, իրենք էլ, իրենց հերթին, ուղղակիորեն հրամայել, որ «ավելորդ բարդություններից խուսափելու համար» ընտանյոք հանդերձ գնան և քվեարկեն Զոյա Գևորգյանի օգտին:
Հատկանշական է Գեղամասար համայնքում գրանցված դեպքը. հոկտեմբերի 27-ին դպրոցի աշակերտները տնօրենի կարգադրությամբ տուն են ուղարկվել վաղաժամ՝ ուսուցչական կազմին ստիպողաբար Զոյա Գևորգյանի հետ հանդիպման տանելու նպատակով: Մարզպետի ներկայացուցիչները գյուղերում լուրեր են տարածում այն մասին, թե իրենց «ախպոր» կամքին չենթարկվողները կամ կալանավորվելու և դատվելու են, կամ, լավագույն դեպքում՝ աշխատանքից հեռացվելու և վտարվելու են համայնքից: Տարածքի կրիմինալ էլեմենտները, իրենց հերթին, շրջելով գյուղերում, ասում են, թե Զոյա Գևորգյանի ընտրվելը իրենց «ախպեր Բոթոյանի ու պատգամավոր Ռաֆիկի թասիբի հարցն է»:
Խնդրում ենք ՀՀ վարչապետին բացատրել՝ մի՞թե սա է երախտագիտության այն ձևը, որով մեր տարածաշրջանի ժողովրդին պատասխան է տրվում ԱԺ ընտրությունների ժամանակ նրանց ապահոված 80 տոկոս ձայների դիմաց: Արժե նաև հստակ պատասխան տալ շարքային ընտրողների արդարացի հարցին՝ իրենց քվեների հաշվին պատգամավոր, ապա մարզպետ դարձած Բոթոյանը ո՞վ է իրենց համար՝ ինչ-որ մեկի «լավ ախպե՞ր», ոստիկա՞ն, դատավո՞ր, թե՞ ոմն անթագակիր իշխանիկ, որ իրեն թույլ է տալիս հայտարարություններ կատարել մարդկանց կալանավորելու կամ դատելու մասին: Նա հավանաբար կարծում է, թե մարզն իր գնած տարածքն է, իսկ գյուղացիներն՝ իր ճորտերը, որոնք կամ պետք է բավարա րեն իր ցանկությունները, կամ, հակառակ պարագայում, լքեն իր «կալվածքը»: Հույս ունենք, որ մեր ահազանգին օպերատիվ կերպով կարձագանքի նաև ՀՀ ԱԱԾ-ի տնօրենը, քանզի, մեր համոզմամբ, վերոշարադրյալ փաստերն իրենց մեջ պարունակում են ազգային ան վտան գությանն առնչվող հստակ հատկանիշներ: Նմանօրինակ ապօրինությունների թվարկումը կարելի էր շարունակել երկար: Վստահ ենք, սակայն, որ ասվածն արդեն իսկ բավարար է՝ համայնքապետի ընտրությունների նախօրեին Գեղամասարում տիրող անառողջ մթնոլորտը և դրանից բխող բոլոր վտանգները պատկերացնելու համար:
Հետևապես, պահանջում և կոչ ենք անում ՀՀ գործադիր և իրավասու մյուս պետական մարմիններին՝ առավելագույնս օպերատիվ կերպով քննության առնել վերոնշյալ ապօրինությունները և կանխարգելիչ քայլերով իսպառ բացառել նոյեմբերի 5-ի ընտրություններին ընդառաջ դրանց հետագա տարածումը խոշորացված Գեղամասարին մաս կազմող բոլոր 18 գյուղերում:
Համապատասխան երաշխիքներ չստանալու դեպքում, նոյեմբերի 2-ին՝ ՀՀ կառավարության հերթական նիստի օրը, մեր պայքարը կշարունակենք հենց կառավարության շենքի դիմաց»:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարի թեկնածու Հակոբ Ավետյանի նախընտրական շտաբ