Այս տարի Սեւանա լճում խեցգետնի պաշարները կրկնակի կրճատվել են, եթե այս տեմպերով որսը շարունակվի, հիմա էլ կունենանք խեցգետնի պաշարների զրոյական վիճակ: Այսօր «Ելակետ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեցին կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը եւ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը:
Նրանց գնահատմամբ, Սեւանա լճի ներկայիս վիճակը բավական լավ է, ջրի մակարդակը բարձրացել է, եւ հիմա հարկավոր են միջոցառումներ, որպեսզի նպաստեն ձկնապաշարների եւ խեցգետնի պաշարների ավելացմանը:
Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ միայն համապատասխան ուսումնասիրությունները կատարելով եւ հասկանալով, թե որքան պաշար կա լճում, կարելի կլինի խոսել արգելանքների եւ այլ միջոցառումների մասին: Ըստ նրա, ուսումնասիրությունները այդ ուղղությամբ սկսվել են հոկտեմբերին եւ կավարտվեն դեկտեմբերի կեսերին, այդ ժամանակ էլ պարզ կլինի եւ հնարավոր կլինի խոսել հստակ թվերով: Սակայն այժմ, մասնագետների գնահատմամբ, ոչ արդյունաբերական չափի կենդանիների քանակը Սեւանա լճում սկզբնական տվյալներով 47 % է:
Էվելինա Ղուկասյանի խոսքով, բոլորը գիտեն, որ ձկնապաշարների կրճատման արդյունքում մարդիկ սկսել էին զբաղվել խեցգետնի վաճառքով, եւ եթե մինչ այդ կիրառվում էին կասպիական որսագործիքները, որոնց հիմքում ընկած էր խայծով որսը, եւ խայծի համար գնում էր մրցակցություն, ու ամենախոշոր ու ճարպիկ խեցգետնատեսակներն էին որսվում, իսկ ձագերը, թույլերը չէին դառնում որս, ապա այժմ կիրառվում են զսպանակավոր, ծալովի չինական թակարդները, որոնց դեպքում խայծ չի օգտագործվում, եւ ցանկացած չափի կենդանի` ձվերով էգեր կլինեն, թե մանր, հիվանդ տեսակներ, անխտիր բռնվում են: Ինչը տիկին Ղուկասյանի համոզմամբ, կարող է հանգեցնել պաշարների սղության, ընդհուպ մինչեւ վերացման:
«Այստեղ տեղի է ունենում այն նույն գործընթացը, ինչը եղավ սիգի դեպքում, նման ձկնորսական պարագաներով որսի դեպքում դրանց պաշարները գրեթե այսօր զրոյի են հավասար»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ