«Հարկային տեսուչները, ստուգելով տնտեսվարողին, գրում են համապատասխան ստուգման ակտ։ Տնտեսվարողը դիմում է դատարան, բայց հարկային ծառայությունը, չսպասելով արդյունքներին, քննչական կոմիտեին է դիմում եւ լրացուցիչ ճնշում է գործադրում տնտեսվարողի նկատմամբ։ Տնտեսվարողին 27 կողմից ճնշման են ենթարկում»,- խորհրդարանում շարունակվող 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նման մտահոգություն հնչեցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: 2018-ին նախատեսվում է 0,2 տոկոսային կետով ավելացնել ներդրումները: Սերգեյ Բագրատյանը հորդորում է` չպետք է ներդրողների վրա եւս ճնշումներ գործադրել։
«Ձեր կողմից ներկայացված բառերով չէի բնութագրի մեր կողմից իրականացված վարչարարությունը։ Եթե խախտումը գերազանցում է 4 մլն դրամը, ապա հարուցվում է քրեական վարույթ, բայց դա չի նշանակում, որ քրեական վարույթը շարունակվում է, որովհետև քանի դեռ ակտը անբողոքարկելի չի դարձել, գործը կասեցված է մնում, մինչև համապատասխան որոշում կայացվելը։ Թե ինչ ճնշումների մասին եք խոսում, ինձ համար անհասկանալի է»,- պատգամավորին հակադարձեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը։
Սերգեյ Բագրատյանը պնդեց`բազմաթիվ տնտեսվարողներ այսօր էլ բողոքում են ստուգման ակտում միտումնավորության առկայությունից` 4 մլնից ավելի գրելու. «Սա արվում է, որ քննչական մարմիններին ներգրավեք, որպեսզի տնտեսվարողը ընդունի ակտերը։ Առաջարկում եք ձեր ասած ձեւով դատական պրոցեսն ավարտել»։
Քննարկմանը ներկա ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը չդիմացավ, տեղից արձագանքեց. «Էդ ե՞րբ է եղել»: Սերգեյ Բագրատյանը խոստացավ մանրամասնել:
Այլ մանրամասները`տեսանյութում
Ավելի ուշ այս հարցին անդրադարձավ նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը. «Խաղի կանոնները բոլորի համար պետք է նույնը լինեն եւ մենք ջանում ենք, որ լինեն, անկախ նրանից՝ գերիշխող դիրք կունենա, թե ոչ, պետք է հարկեր վճարի»: Այս անգամ Սերգեյ Բագրատյանը վրդովվեց`նկատելով, որ ինքը խոսում է մենաշնորհների մասին, ոչ թե գերիշխող դիրք ունեցողների եւ կոնկրետ օրինակներով. «Վառելիքի ոլորտում կա երեք ընկերություն`CPS 60 տոկոս, «Ֆլեշ»`34, «Մաքս պետռոյլ»`6, այսքան նստածներից մեկը տեսել ա, որ մարդիկ մրցակցեն եւ գների իջեցում չլինի շուկայում: Ես 400 եմ ծախում, մյուսը չպիտի՞ դնի 399… մեզ ձեռ ե՞ք առնում, պարոն նախարար»:
Իսկ մինչ այդ, ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը հայտարարել էր, որ 2018 թվականին նախատեսվում է հարկային եկամուտների 1 տրիլիոն 247. 9 մլրդ դրամ գրանցել: Դա գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը` 9.9 տոկոսով: Իսկ 2017 ընթացիկ տարվա 9 ամիսների կտրվածքով ՊԵԿ-ը հարկային եկամուտների 49.1 մլրդ դրամի չափով աճ է գրանցել։ «Այս աճը վերաբերում է այն աճին, որը ԱԱՀ վերադարձը չի ներառում։ 2017-ից մենք ԱԱՀ գերավճարի վերադարձի գումարներն այլ կերպ ենք հաշվառում։ Այժմ դրանք պարզապես եկամուտներից նվազեցնում ենք, այլ ոչ թե համապատասխան ծախսային հոդվածներով ենք արտացոլում։ Համադրելի պատկերի առումով՝ իրավիճակը հետևյալն է՝ ոչ թե արդեն 49.1 մլրդի չափով եկամուտների աճ է գրանցվել, այլ 74.1 մլրդ դրամ հարկային եկամուտների աճ, որը նախորդ տարվա համեմատ՝ 9.5 տոկոսով ավելի է»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
Ըստ նրա, հարկային եկամուտների աճի արդյունքում գերավճարների նվազումը կազմել է 22 մլրդ դրամ, հարկային ստուգումների մասով գրանցվել է 48 տոկոսի նվազում։ ՊԵԿ փոխնախագահն ընդգծեց, որ մաքսային սահմանին հումքի եւ մեքենաների սարքավորումները, ԱԱՀ-ից ազատելով, ՊԵԿ հարկային եկամուտները չեն նվազելու։
ՊԵԿ փոխնախագահը ներկայացրեց նաեւ նոր «Հարկային օրենսգրքով» սպասվող փոփոխությունները. «Ակցիզային հարկի գծով նախատեսվում է 16.74 մլրդ դրամ հարկային եկամտի աճ, օղու գծով՝ 1.86, ծխախոտի՝ 4.67, բենզինի եւ դիզելային վառելիքի՝ 1.93 մլրդ դրամ, սեղմած գազի գծով՝ 7.35 մլրդ դրամ եւ այլն»: Սրանք դրական ազդեցություններն են:
Բացասական ազդեցությունները հետեւյալն են.«Օրինակ՝ ԱԱՀ-ի գծով մեր ակնկալիքները կազմում են ընդամենը -3.85 մլրդ դրամ, որովհետև ԱԱՀ հարկի մասին օրենքով եկամուտ բերող որեւէ փոփոխություն չկա, փոխարենը կան ազատականացումներ, որոնք չեն կարող բացասական չազդել եկամուտի վրա։ Օրինակ՝ երբ 6 ամսվա կտրվածքով ԱԱՀ-ի գումարները հետ ենք վերադարձնելու տնտեսավարող սուբյեկտներին, օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցների համար վերացնում ենք ճանապարհային վճարը։ Սա է բացասական ազդեցությունը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ