Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված պուրակի հիմնում՝ Արցախում

Հոկտեմբեր 31,2017 11:35

ԵՊՀ 90-ից ավելի ուսանողներ հոկտեմբերի 27-29-ն այցելեցին Արցախի Հանրապետություն: Այցելությունը նվիրված է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ), ԵՊՀ ռեկտորատի, ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի, Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի, ավագների խորհրդի և ուսանողական խորհրդի կողմից իրականացվող այցելության ընթացքում ուսանողները եղան ազատագրված տարածքներում:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը վստահեցրեց՝ հիմնադրամն ուսանողական ծրագրերում առանձնահատուկ տեղ ու դեր է տալիս Արցախում ծրագրերի իրականացմանը: Պատգամավորը տեղեկացրեց, որ առաջնահերթ են դարձնելու Արցախում իրականացվող ծրագրերը. «Ուսանողական ծրագրերի մեջ, գոնե այն ծրագրերում, որտեղ ֆինանսավորումը կատարվում է հիմնադրամի կողմից, բոլոր ուսանողական կառույցների մոտ ցանկություն է առաջացել, որ տարեկան պլանում մեկ-երկու խոշոր ծրագիր իրականացվի Արցախում: Մենք ուսանողների՝ Արցախ այցելության խնդիրն ենք լուծում, քանի որ նրանցից շատերը չեն եղել Արցախում: Մեր երիտասարդները պետք է ճանաչեն Արցախը: Մյուս խնդիրը, որ լուծվում է, դա մեր սահմանը պահող երիտասարդների կողքին թեկուզ կարճ ժամանակով լինելն է, իրենց մի քանի օրն ավելի հետաքրքիր դարձնելը»: Պարոն Ավագյանը նշեց, որ այսպիսի ծրագրեր իրականացվում են բոլոր բուհերի հետ՝ Բժշկական, Տնտեսագիտական համալսարաններ, Պոլիտեխնիկ, Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան:

Համալսարանականների այցելությունը սկսվեց Արցախի հյուսիսից: Քարվաճառ համալսարանականները դատարկաձեռն չէին գնացել: Վ. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցին նրանք նվիրեցին համալսարանի՝ վերջին տարիներին հրատարակած գրքեր՝ հիմնականում հայագիտական աշխատություններ:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը նկատեց, որ այս այցելությունները շատ կարևոր են ուսանողների համար, քանի որ նրանք ավելի հայրենասեր են դառնում, որովհետև ռազմահայրենասիրական դաստիարակությունը հենց այսպիսի միջոցառումներով է կազմակերպվում: Մյուս կողմից էլ այցելություններն օգտակար են Արցախի համար, որ արցախցին իմանա՝ ԵՊՀ-ն իր կողքին է:

Հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանն էլ տեղեկացրեց, որ ԵՊՀ-ն Արցախի բուհերի ու զորամասերի հետ մշտապես կապի մեջ է:

Շահումյանի շրջանում՝ Քարվաճառում, ուսանողները հիմնեցին Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված պուրակ: Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը հայտարարեց. «Մեզ համար մայր բուհի ներկայությունն այստեղ մեծ նշանակություն ունի: Սա արդեն 3-րդ ծառատունկն է Քարվաճառում: Ժողովրդի համար էլ է մեծ ոգևորություն. նրանք զգում են, որ մենակ չեն, իսկ զինվորների բարոյահոգեբանական վիճակն ամրապնդվում է»:

Համալսարանականներին հյուրընկալեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Արցախ մեկնած համալսարանականների պատվիրակության մի մասը եղավ նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասում: ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ իրականացվեց 3 բարեգործական հանդիպում՝ ակումբի ջոկատների, ինչպես նաև ակումբի ու պրոֆեսորադասախոսական կազմի միջև: Խաղերի արդյունքում հավաքված գումարով համալսարանականներն արևային մարտկոց գնեցին, որը նվիրեցին Արցախի հյուսիսում մարտական հերթապահություն իրականացնող զորամասի N մարտական դիրքին: Արցախ կատարված այցի երրորդ օրն ուսանողները մասնակցեցին ավանդական ծառատունկին: Մի քանի տարի առաջ համալսարանականների հիմնած՝ Թաթուլ Կրպեյանի անվան պուրակը հրդեհի հետևանքով ամբողջովին ոչնչացվել էր: Ամբողջ պուրակից մնացել էր կանգուն միայն մի ընկուզենի, բայց Գուրգեն Մելիքյանի խոսքով՝ այն անպայման կվերականգնվի ուսանողների շնորհիվ:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031