Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առանց պետության «հետխորհրդային» մոդելից ձերբազատվելու բանակը չի փոխվի

Հոկտեմբեր 31,2017 22:00

Ներկայիս մոդելով չենք ունենա արդիական ո՛չ բանակ, ո՛չ կրթություն, ո՛չ գիտություն, ոչ էլ պետություն

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Ազգային ժողովին ներկայացրել է նոր օրենք, ըստ որի՝ ՀՀ Զինված ուժերում պետք է ծառայեն բոլորը, եւ տարկետման բոլոր հնարավորությունները փակվում են:

Իհարկե, անիմաստ է քննարկել, թե ինչու է դրան կողմ քվեարկում ՀՀԿ մեծամասնությունը, քանզի ի սկզբանե կողմ է այն ամենին, ինչը ներկայացվում է գործադիր իշխանության կողմից: Ինչպես ասում են՝ «նրանց փեշակն է այդպիսին»: Կարելի է համոզված լինել, որ եթե գործադիրն օրինագիծ ներկայացներ, ըստ որի՝ հիպոթետիկ, ասենք, «Գազպրոմ-Արմենիայի» եւ շաքարի ներկրմամբ զբաղվող աշխատակիցներն էլ պետք է օգտվեն տարկետման իրավունքից, ապա կասկած չկա, որ նույն ժրաջանությամբ եւ եռանդով ՀՀԿ պատգամավորները կպաշտպանեին նման օրինագիծը, անունը կդնեին «հայանպաստ», գուցե Նժդեհին համապատասխան ասույթ վերագրեին, իսկ Դաշնակցությունն էլ նրանց կերկրորդեր, թե սա «հայապահպանության ծիրին մեջ է» եւ այլն, եւ այդպես շարունակ:

Իսկ ընդդիմադիր «Ելք» դաշինքը դեմ է արտահայտվում, քանզի ներկայացնողներից, պաշտպանողներից եւ կողմ քվեարկողներից շատերն անձամբ, նաեւ նրանց բարեկամները, որդիները, որոնք օգտվել են մինչ օրս գործող տարկետման իրավունքից, հանրագումարում կարող են մի դիվիզիա համալրել: Հետեւաբար չկա վստահություն մոտիվների նկատմամբ:

Այս ամենը միանգամայն հասկանալի է եւ բացատրելի, եւ կարելի էր մտածել, թե բան էր՝ ասել են, կանցնի կգնա, ինչպես միշտ, ինչպես նախորդ անգամ… եթե խոսքը չվերաբերեր Զինված ուժերին, բանակին, որը խաղաղության պահպանման լրջագույն գործոնն է ոչ միայն Հայաստանի եւ Արցախի սահմաններին, այլեւ ողջ տարածաշրջանում:

Փաստն այն է, որ ներկայիս պետական ռազմական կազմակերպման համակարգն իր ներկայիս սկզբունքներով հետ է մնում պահանջներից, որոնք բխում են տարածաշրջանային իրողություններից, ինչպես նաեւ բանակի հետագա զարգացման եւ լայն իմաստով վերազինման շահերից:

Եվ պետք է ենթադրել, որ դա է դրդել պաշտպանության նախարարությանը դիմելու Ազգային ժողովին նման նախաձեռնությամբ, եւ Վիգեն Սարգսյանի անձնական նախասիրությունները կամ ուրիշների վերաբերմունքը նրա անձի նկատմամբ հարցի հետ կապ չունեն:

Եթե ընդդիմության գնահատականներն իշխանության որակների նկատմամբ գրեթե անհերքելի են, եւ իշխանության կողմից ցանկացած հարց բարձրացնելու պարագայում դժվար է այդ գնահատականները կրկին չհնչեցնել, ապա դիրքորոշումը քաղաքական ռազմավարության առումով խնդիր է հարուցում: Մյուս կողմից՝ իշխանության այս՝ ճկունությունից զուրկ, ապաքաղաքական վարքագիծն այս կարեւոր հարցում ավելորդ լարվածություն է ստեղծում: Ի վերջո, ներկայիս համակարգային արատների հեղինակը, այդ թվում՝ կապված բանակի հետ, ոչ թե ընդդիմությունն է, այլ իշխանությունը եւ այն սովետական աղբը, որը դեռ կոնսերվացված մնում է համակարգում՝ իր գավառական, քրեական դրսեւորումներով, եւ շարունակում է ապականել պետությունը՝ ազգային անվտանգության սպառնալիքի վերածվելով: Հետեւապես քաղաքական վարքագծի անբաժանելի մասը պետք է լինի «աշխատանքը սխալների վրա», այդ սխալները ընդունելը, ֆիքսելը, ուղղելու ճանապարհներ ներկայացնելը, այլ ոչ թե ընդդիմախոսներին դատափետելը:

Մյուս կողմից՝ փաստ է, որ ներկայիս ընդդիմությունը հազիվ թե իր առարկությունների հիմքում ունենա ներկայիս արատավոր, կոռուպցիոն ռիսկերով լեցուն համակարգի պաշտպանությունը: Եվ ուրեմն, հարցը ոչ միայն առարկելն է, այլեւ այս համակարգից ուղղակի ազատվելը: Իսկ թե ինչպես եւ ինչ արդյունքով՝ սա արդեն ամենաբարդ հարցն է, որին, ցավոք, ողջ խորությամբ չեն անդրադառնում ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմադիր գործիչները: Կողքից կարելի է տպավորություն ստանալ, թե Վիգեն Սարգսյանն իր նեղ գերատեսչական շահն է հետապնդում, եւ ցավոք, հարցի շուրջ ծավալվող կողմ եւ դեմ հռետորաբանությունն այդ տպավորությունն ամրապնդում է:

Մինչդեռ հարցը վերաբերում է ոչ միայն եւ ոչ այնքան բանակին, որքան մեր պետական համակարգի, պետականության պարադիգմային, պետականության արժեքներին՝ չհաշված առանձին ռազմավարական կարեւորության ոլորտները՝ գիտությունը եւ բարձրագույն կրթությունը: Հետեւաբար միայն տարկետման իրավունքի վերացմամբ եւ բոլորին բանակ տանելով եթե կարող է լուծվել քանակական հարցը, այն էլ ժամանակավոր (երեւի թե կարիք չկա բացատրելու, թե ինչու՝ ժամանակավոր), ապա համակարգի վերափոխման խնդիրը չի՛ լուծվում, եթե այն չի ներառում բարձրագույն կրթության, գիտության կազմակերպման համակարգերը, պետություն-քաղաքացի հարաբերությունները: Այսինքն՝ համակարգերի եւ ենթահամակարգերի ողջ համալիր պետք է փոփոխության ենթարկվի, որպեսզի արդյունքում նորացված, ինտելեկտուալացված բանակն անխափան գործի որպես համակարգ եւ կատարի իր խնդիրները նոր իրավիճակում՝ բավարարելով նոր պահանջներ եւ հաղթահարելով նոր մարտահրավերները:

Վիգեն Սարգսյանը որպես կառավարման մասնագետ չի կարող չհամաձայնվել, որ առանձին վերցրած բանակը չի կարող լինել «մաքուր» եւ առաջադեմ, երբ մենք ունենք բուհական համակարգ, որին «նայողի» կարգավիճակ է տրված ՀՀԿ-ի «նեոկոմսոմոլին», երբ ունենք գիտական համակարգ, որն ի պաշտոնե գլխավորում է անձնավորություն, որի պատկերացմամբ՝ Հայաստանը «քոսոտ երկիր է», իսկ նման միտքն արտանետելուց հետո շարունակում է ուրախ-զվարթ ղեկավարել այդ «Գիտությունների» անդրշիրիմյան «ակադեմիան», երբ իշխանության ցանկացած նախաձեռնության պարագայում հասարակության առաջին ռեակցիան է, թե է՛լ որ հարցում է իշխանությունն ուզում խաբել: Դրան էլ գումարվում է չնվազող արտագաղթը եւ մեզ Ռոբերտ Քոչարյանից «նվեր մնացած» երկքաղաքացիության ինստիտուտը, որն ուղղակի այլասերում եւ ձեւախեղում է թե՛ պետականությունը, թե՛ քաղաքացիությունը:

Միեւնույն ժամանակ Հայաստանը տեսանելի ապագայում չի կարող հրաժարվել համընդհանուր զորակոչային համակարգից՝ հաշվի առնելով անմիջական արտաքին սպառնալիքը: Սա ոչ թե ռազմականացման կոչ է, այլ ուղղակի փաստի արձանագրում եւ իրավիճակին համարժեք քայլերի պահանջ: ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի, ՆԱՏՕ-ի ստանդարտներին լիովին համապատասխանող Ֆինլանդիայի զինված ուժերը նույնպես համալրվում են համընդհանուր զորակոչով՝ գումարած պայմանագրային ծառայությունը: Եվ պատճառը ոչ թե այնտեղի զինվորականների ճաշակն է, այլ նույն՝ արտաքին վտանգը: Եվ այնտեղ ուսման, գիտության կամ սպորտի հետ կապված տարկետումներ չկա՛ն: Տարկետումը կապված է առողջության եւ ընտանիքի կարգավիճակի հետ՝ երեխաներ ունեցողները, միայնակ խնամակալները եւ այլն: Իսկ ռեզերվի պատրաստությունը Ֆինլանդիայում պետության առաջնահերթ հոգածության առարկա է, ինչը գալիս է դեռ մարշալ Մաններհեյմից: Արդյունքում 5-միլիոնանոց Ֆինլանդիան կարող է համընդհանուր զորահավաքի արդյունքում կես միլիոնանոց բանակ կազմավորել հաշված օրերի ընթացքում:

Իհարկե, սա միանգամայն այլ որակի բանակ է: Այս բանակում չկան ռուսական բանակից մնացած անիմաստ սահմանափակումներ, բանտային բարոյականություն, որը խրախուսվում է հրամկազմի կողմից: Անշուշտ, մեր Զինված ուժերը ներկայումս անհամեմատելի են 10-15 տարի առաջվա եղածի հետ, ներկայիս պահանջներն էլ այլ են, քան քառօրյա ապրիլյան պատերազմից առաջ: Ավելին, պետական ինստիտուտներից բանակն առավելագույնս է դասեր քաղել անցյալ տարվա պատերազմից: Դա էլ է անհերքելի փաստ: Ուստի, երբ փաստարկների եւ հակափաստարկների գրեթե բոլոր «փամփուշտներն» արձակված են, թույլատրելին եւ անթույլատրելին ասվեց՝ արժե մտածել համակարգային եւ համալիր լուծումների մասին: Այո՛, Հայաստանում ԶՈՒ ռեզերվի հարցն էլ դեռ մնում է բաց: Այդ խնդրի մասին նաեւ խոսեց Սերժ Սարգսյանը, սակայն չասաց, թե այն ինչպես պետք է լուծվի:

Բանակը ոչ թե «միս» է, ինչպես դարերով «մեր ռազմավարական դաշնակցի» մոտ է, որտեղ սպայական «վերնախավը» եւ ճորտ զինվորներն ուղղակի ատել եւ ատում են միմյանց, այլ ազատ եւ արժանապատիվ մարդկանցից բաղկացած մի հավաքականություն, ուղեղ եւ բռունցք միաժամանակ: Եվ այս պարզ բանի գիտակցումն է, որը պետք է միավորի թե՛ քաղաքական գործիչներին, թե՛ հասարակությանը: Իսկ դա միանգամայն այլ որակի պետության պարագայում կարող է դառնալ իրականություն: Եվ այսօրվա հրամայականն է գիտակցումը, որ պետության ներկայիս «հետխորհրդային»-ճահճային-ինքնասպան մոդելով չենք ունենա արդիական ո՛չ բանակ, ո՛չ կրթություն, ո՛չ գիտություն եւ ոչ էլ, մեծ հաշվով, պետություն:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

31.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031