Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ընտանեկան բռնության մասին օրենքի գոյությունը կարող էր կանխել իրադարձությունների նման զարգացումը». Արշակ Գասպարյանը՝ մանկապարտեզի միջադեպի մասին

Հոկտեմբեր 30,2017 23:45

«Մարդը փորձում է վնաս հասցնելու՝ թեկուզ պատրանք ստեղծել նույնիսկ մանկահասակ երեխայի նկատմամբ: Սա որևէ երկրում, նույնիսկ ցեղախմբում ընդունելի չէ: Ինչպիսի վիրավորանքի, ինչպիսի անձնային առանձնահատկության և հոգեվիճակի մասին է խոսքը, որ երեխային վնասելու պատրանքը, մարտահրավերը նետվել էր հանուն իր պահանջմունքի բավարարման»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մանկահասակ երեխային պատանդ վերցնելու միջադեպին՝  այսպես ասաց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության փորձագետ, հոգեբան Արշակ Գասպարյանը:

Նա նշեց, թե դեռ պիտի հասկանալ՝ ինչու է այդ պահանջմունքն այդքան սուր անձի համար: Ըստ պարոն Գասպարյանի՝ իրավական, սոցիալական աջակցության մարմինները պետք է տեղյակ լինեին, դա գոնե պետք է երևացած լիներ. «Ո՞ւր էին սոցիալական աջակցություն ցուցաբերող մարմինները, ի՞նչ էր եղել այս ընտանիքում, ո՞ւր էին այն մարմինները, որոնք պիտի աշխատեին երեխայի հետ, լինեին ընտանիքի կողքին, մասնավորապես՝ թաղապետարանը, խնամակալության մարմինները, ոստիկանությունը: Նրանք պետք է գնահատեին անձի վարքը, կամ գուցե գնահատել են, բայց, փաստորեն, ռիսկերը լավ չէին գնահատել»:

Ըստ Արշակ Գասպարյանի՝ եթե գործ ունեք առողջ մարդու հետ, ուրեմն այսպիսի արարքն իր նախապատմությունն է ունեցել. եղել են սպառնալիքներ, հիմնավոր կասկածներ, որ անձը սպառնալիքը կանի. «Իսկ սրանք պիտի լինեին ոստիկանության, սոցիալական աջակցության ուշադրության կենտրոնում, և պետք էր այդ մարդու հետ աշխատանք տանեին»:

Հետաքրքրվեցինք՝ եթե ՀՀ-ում գործեր Ընտանեկան բռնության մասին օրենք, այս դեպքերը կկանխվեի՞ն, պարոն Գասպարյանը պատասխանեց. «Օրենքն այս դեպքում կարող էր օգնել նրանով, որ եթե գործ ունենք հոգեկան առումով առողջ մարդու հետ, համաձայն օրենքի՝ կարելի էր կիրառել մի շարք գործիքներ: Վստահաբար այս դեպքում սկզբից եղել է հոգեբանական բռնություն, ճնշումներ, արժանապատվության նվաստացում, գուցե նաև հանրային վայրերում, ընտանիքի ներսում: Վերջապես եղել են սպառնալիքներ, որոնց համար՝ չգիտեմ կինը դիմե՞լ է ոստիկանության բաժին: Ընտանեկան բռնության մասին օրենքի գործելու դեպքում գուցե հարևան դիմած լիներ, որ զգուշացներ՝ այս մարդուց այդ երեխային հեռու պահեք, ենթադրենք հարյուր մետրի արգելքը կգործեր, կնոջն ապաստան կտանեին, երեխային պաշտպանված մանկապարտեզ կտանեին: Այս մարդու հետևից կարող է ոստիկանները պտտվեին, որ հանկարծ մի բան չաներ: Հարևանները կարող էին հայտնել, որ այս ընտանիքում օրը 24 ժամ հայհոյանքներ են, սպառնալիքներ, կամ կինը կարող էր հայտնած լիներ, թե ամուսինս ասել է, եթե երեխայիս ինձնից վերցրիր, մանկապարտեզը կտրաքացնեմ, բոլորին կվնասեմ: Այդտեղ ոստիկանի դերն էր գնահատել՝ արդյոք կարո՞ղ էր բռնարար կոչվածը նման բան անել»:

Արշակ Գասպարյանը ցավով նշեց, որ սրանք դեռ ծաղիկներն են. «Աստված չանի, դեռ ունենալու ենք ավելի կտրուկ, հնչեղ, ավելի շատ զոհերով դեպքեր: Ըստ փորձագետի՝ պատճառն այն է, որ մարդու կյանքը որևէ կերպ չի կարևորվում. երբ երկրիդ բնակչությանը հասցնում ես կենսաբանական պահանջմունքի բավարարման աստիճանի, նա սկսում է անել նման գործողություններ: Երբ քաղաքացին որևէ կերպ պատկանելության զգացումը, կապը կորցնում է իր ընտանիքի, երկրի հետ, դու հենց այսպիսի վարքի ձև ես թելադրում: Եթե երկրի քաղաքացին կորցնում է ինքնադրսևորման որևէ հույս, որևէ հույս պետական, ոչ պետական, արդարադատության մարմինների նկատմամբ, սկսում է զենքը ձեռքը բռնած իր խնդիրը լուծել իր պատկերացումներով, արդարության հասնելու՝ իր ուղին փնտրում ու գտնում է»:

Պարոն Գասպարյանը մտահոգված է, որ քաղաքացուն դարձրել են օրվա հացը վաստակող, գոյությունը քարշ տվող, հասցրել են ստամոքսահյութի արտադրությունը բավարարելու պահանջմունքի: Ըստ մասնագետի՝ սա վտանգավոր է:

Անպատժելիության առնվազն պատրանքը ևս կարող է հանգեցնել նման վարքի: Պարոն Գասպարյանը հիշեցրեց. «Քաղաքացուն տալիս ենք մոդելներ, որ տես, մարդիկ պատանդ են վերցնում, Ալավերդուց կարող են հասնել Երևան ռազբորկա անել և քաղաքի մեջտեղում մարդ կրակել»: Մեր զրուցակիցը մտահոգված է՝ հիմա չափահասներն են խելքները կորցրել, վաղը դեռահասներն են կորցնելու:

Կրթության նկատմամբ վերաբերմունքը ևս այս իրավիճակին հասնելու պատճառներից է: Արշակ Գասպարյանն օրինակ բերեց կրթության ֆինանսավորման կրճատումը, այն, որ ութ միավորով անձին ընդունում են Մայր բուհ, կամ դասախոսներն իրարից ուսանող են խլխլում, քանի որ ֆինանսավորվում են ուսանողի թվով: Զրույցի ավարտին Արշակ Գասպարյանը վրդովվեց. «Մենք հասանք նրան, որ ուսանողը, որը ոչինչ չունի արած այս կյանքում, իր հոր փողով կարող է Բենթլիով գալ, իսկ դասախոսը, որը կրթել է իրեն էլ, հորն էլ, Ժիգուլի առնելու գումար չունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031