«Պաշտոնյաների, իշխանության ներկայացուցիչների անձնական կյանքի մասին խոսակցությունները, երբ տրանսպորտում, սուրճի բաժակի կամ քեֆ-ուրախության սեղանների շուրջ են արվում, շշուկների ձեւով, դրանց ժպիտով եմ վերաբերվում: Նորմալ է: Ինչպես ասում են`այդպես եկել է, այդպես էլ գնալու է: Բայց երբ հանրային կարծիք ձեւավորող մարդը, քաղհասարակության, թվում է լուրջ ներկայացուցիչներ, իրավապաշտպաններն են անփույթ վերաբերվում խոսքի արժեքին, ինձ համար առնվազն ցավալի եւ ափսոսալի է: Ամենաշատը, պիտի որ իրենք խուսափեն օդում կրակելու այդ մեթոդից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի կինը`«Henaran.am» կայքի խմբագիր Լիլիթ Դավթյանն` անդրադառնալով իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի դիտարկումներին:
Հիշեցնենք, ՀՀԿ ԳՄ վերջին նիստում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ իշխող ՀՀԿ-ն «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին նախագծում խնդիրներ է տեսնում, քանի որ ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է. «ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, մենք ազգային ավանդական ընտանիքի կողմնակից ենք: Եվ այն դրույթները, որոնք հակասության մեջ կմտնեն մեր Սահմանադրության և ազգային ավանդական արժեքների հետ, խնդրահարույց են, և մենք պետք է քննարկենք ու ներկայացնենք նոր մոտեցումներ»:
Այս առիթով իր հարցազրույցներից մեկում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նկատել է` այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ իշխանության ներկայացուցիչները բավական լուրջ հոգեբանական բռնություններ են գործադրում իրենց կանանց նկատմամբ տանը և տնտեսական սահմանափակումներ են մտցնում: Դա ի վերջո կանանց իրավունքների խոշոր խախտումների է հանգեցնում, առավել ծանր դեպքերում՝ նաև լուրջ վտանգների ու վնասների:
Լիլիթ Դավթյանն ասում է`բնավ նպատակ չունի սեփական խոսքը կշռելու եւ պատասխանատվության դասեր տալ, պարզապես ցավում է, որ մտավորական մարդիկ նման կեցվածք են դրսեւորում. «Ուրիշի ընտանիքի մասին անհիմն, չփաստարկված եզրակացություններ անել, օդում կրակել»: Ինքը տարակուսում է`ինչպե՞ս կարելի է հայտարարություններ անել մի բանի վերաբերյալ, ինչի մասին ոչ տեղեկություն, ոչ էլ անգամ հեռավոր պատկերացումներ չունեն:
«Եթե իրավունքների խախտման մասին ձեր բոլոր հայտարարություններն են այդ տրամաբանության մեջ, իսկապես ցավալի է»,- ասում է մեր զրուցակիցը` ենթադրություններով, «գիր ու ղուշ գցելով իրավունք պաշտպանողներին» հրավիրվելով իրենց տուն: Ասում է`գոնե կծանոթանան եւ ինչ-որ պատկեր կունենան հետեւություն անելու համար, այլապես ինքը տպավորություն ունի, որ պարզապես մի քանի արտահայտություններ են սերտել կանանց, ժողովուրդների, հոգեբանական ճնշումների, սարսափների եւ նման այլ բաների մասին, ինչն իրականության հետ աղերս չունի:
Վիճելի նախագծին մեր զրուցակիցը չի հասցրել ծանոթանալ: Տեղյակ է տարբեր փորձագետների, քաղաքական գործիչների, փաստաբանների եւ տարբեր մասնագետների տեսակետներին: Ասում է, որ ինքը դեմ է բռնությանն առհասարակ: Բայց ելնելով հնչած մտահոգություններից, ինքն էլ որոշ վերապահումներ ունի: Դա, իհարկե, չի նշանակում, որ նախագծի վերաբերյալ վերապահում ունեցողները «կողմ» են բռնություններին. «Բոլորն էլ դեմ են բռնություններին եւ ծայրահեղ մոտեցումներին, պարզապես, քրիստոնեական արժեքներից ելնելով, կան որոշ վերապահումներ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ