Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը զեկուցեց, թե բյուջեն պլանավորելիս՝ որպես կանխատեսվող եկամուտ չեն հաշվելու խմիչքից ու ծխախոտից գանձվող վարձավճարները։ «2 միլիոն դրամով պակասեցնում ենք խմիչք-ծխախոտից գանձվող վարձավճարները», -ասաց գլխավոր ֆինանսիստը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են պակասեցնում խմիչքից ու ծխախոտից գանձվող տեղական տուրքերը։ « Պատճառն այն է, որ մենք այդքան ավելի էինք պլանավորել, բացի դրանից, ասենք մենք հաշվի ենք առել անցած տարվա փաստացի մուտքերը։ Պլանավորել ենք մի բան էլ ավելով այս տարվա համար, բայց բանից դուրս եկավ, մենք բոլորս այս քաղաքի բնակիչներ ենք, տեսնում ենք, որ խանութներ կան, որոնք վաճառվում կամ տրվում են վարձով։ Այդ իսկ պատճառով մենք վերլուծում ենք, 10 ամսվա գանձումները հաշվի ենք առնում և գտնում ենք, որ մենք չենք կարող 2 միլիոն մուտք ունենալ, որովհետև դա տեղական տուրք է, էդ խանութը պետք է բաց լինի, աշխատի, որ մուծումն էլ անի։ Տնական ասեմ», -ասաց Լենա Ջիլավյանը։
Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանին հետաքրքրում էր, թե նման իրավիճակում Գյումրու քաղաքապետարանում ինչպե՞ս են քաղաքի զարգացման հնգամյա ծրագրի (2017-2021թթ.) այդքան լավատեսական նախագիծ մշակել։ Ըստ նրա, այն իրատեսական չէ։ Նշենք, որ Լևոն Բարսեղյանը իր առաջարկներ է մտցրել Գյումրու զարգացման հնգամյա (2017-2021թթ.) ծրագրի նախագծում։
Այս թեմային կանդրադառնանք ավելի ուշ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ