Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում այս պահին շարունակում են մնալ պատանդառու տղամարդը եւ պատանդառված 3 տարեկան երեխան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ոստիկանության աշխատակից, ավագ լեյտենանտ Մարտուն Սիմոնյանը: «Նախնական տվյալներով, պատանդառուն նրան չի վնասել»,-նշել է նա: Սիմոնյանը տեղեկացրել է, որ պատանդառուն պահանջներ է ներկայացրել, որոնց մասին չի բարձրաձայնվում՝ ելնելով քննության շահերից: Նույն պատճառաբանությամբ ոստիկանությունը չի հանրայնացնում պատանդառուի ինքնությունը:
Սիմոնյանի խոսքով՝ ոստիկանության ներկայացուցիչները՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի ղեկավարությամբ, բանակցում են պատանդառուի հետ:
Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, որ որոշ քաղաքացիների պնդմամբ՝ իրենց հարազատներն էլ են ներսում, նրանց չեն տեսել, Սիմոնյանն ասաց, որ ներսում միայն պատանդառուն են եւ երեխան, իսկ մյուս անձինք անվտանգ դուրս են բերվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ