Լրահոս
Օրվա լրահոսը

Սորանի դենդրոպարկի տնօրեն «ժառանգաբար» դառնալու եւ խմածության պատճառով տուգանվելու մասին

Հոկտեմբեր 30,2017 20:21

Բերդ քաղաքի բնակիչներն, իրենց անունները չհրապարակելու ցանկություն հայտնելով՝ մեզ մտահոգություն հայտնեցին Բերդ քաղաքում 62 հա տարածք զբաղեցնող «Սորանի այգի» դենդրոպարկի վիճակի վերաբերյալ: ԽՍՀՄ-ից հետո դենդրոպարկի վիճակը տարեցտարի վատացել է: Այգին պատկանում է ՀՀ բնապահպանության նախարարությանը:

Բերդի բնակիչները հայտնում են. «2017թ. ԱԺ ընտրություններից առաջ, ՀՅԴ-ի համար ձայներ հավաքելու անհրաժեշտությունից ելնելով եւ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ անձնական կապեր ունենալով՝ դենդրոպարկի տնօրեն նշանակվեց երկար տարիներ Ռուսաստանում արտագնա աշխատանքով զբաղվող դաշնակցական Վարդգես Աթոյանը: Վերջինս այդ պաշտոնում իր նշանակումը ներկայացրեց որպես Արծվիկ Մինասյանի հետ ունեցած վաղեմի ընկերության արդյունք, բայց իրականում նշանակումը կատարվել է ներքին օղակների միջոցով: Նրա նշանակումը վատ ընդունվեց Բերդի հասարակության կողմից, քանի որ աշխատանքային անցած ճանապարհ չուներ:

Այս տարվա ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Վարդգես Աթոյանը մեկնեց Մոսկվա, իր փոխարեն տնօրեն նշանակելով իր տղային՝ Դավիթ Աթոյանին: Մինչ այդ աշխատանքին անցնելը Դ. Աթոյանը որեւէ հիմնարկում չի աշխատել, նրա հիմնական զբաղմունքը եղել է սեփական մեքենայով անտառից փայտ տեղափոխելը եւ վաճառելը, որով զբաղվում է նաեւ հիմա: Ազգային բանակ զորակոչվելուց մի քանի ամիս անց նա հայտնվել է հոգեբուժական հիվանդանոցում եւ ժամկետային զինծառայության զգալի մասը անցկացրել այնտեղ:

Բացի ծեծկռտուքներից, հարբած վիճակում մեքենա վարելուց այս անձը համայնքում ոչնչով աչքի չի ընկել: Այժմ դենդրոպարկը գտնվում է աղետալի վիճակում, շատ արժեքավոր ծառատեսակներ վերացել են, ծառերը ծերացել են, տնկիներ չեն տնկվում, 10 տարի հետո դենդրոպարկը գոյություն չի ունենա: Դենդրոպարկում խմելու եւ ոռոգման ջուր չկա, ցանկապատ գոյություն չունի, անասունները անարգել այգի են մտնում: Խորհրդային տարիներից դենդրոպարկում 3 լողավազան կա, որոնք նախկինում երեխաների լողալու սիրված տեղերն էին: Հիմա լողավազանները կան, սակայն դրանք ջրով չեն լցվում: Բերդ համայնքում կան բազմաթիվ արժանի մասնագետներ՝ դենդրոպարկը արհեստավարժ ղեկավարելու համար: Սահմանամերձ Բերդում բնակվում են մարտական ուղի անցած, հարգանք վայելող անհատներ, ապրիլյան պատերազմին մասնակցած երիտասարդներ, որոնցից մեկին դենդրոպարկի ղեկավար նշանակելը հասարակության կողմից կընդունվի անվերապահորեն»:

Զանգահարեցինք Դավիթ Աթոյանին, հարցրինք դենդրոպարկի վիճակի մասին: Նա հրավիրեց դենդրոպարկ, ասացինք, որ օգոստոսի 13-ին եղել ենք Սորանի դենդրոպարկում, մասնակցել մեղրի եւ հատապտուղների փառատոնին, գրեթե մեկ օր այնտեղ անցկացրել, շրջել դենդրոպարկի տարածքում: Դ. Աթոյանն ասաց, որ դենդրոպարկի վիճակի մասին ինչու 20 տարի չէին բողոքում, հիմա դենդրոպարկը սկսել է զարգանալ, ինքը 5 կմ երկարությամբ ոռոգման ջրագիծ է անցկացրել, ջերմոցներում տնկիներ են աճեցնում, այգում տնկիներ՝ տնկում, որոշ գործեր իր անձնական գումարներով է արել: Հարցրինք`այգում ոռոգման ներքին ցանցի գոյության մասին:

Նա ասաց, որ վաղուց այդ ցանցը չկա, ցանկապատ` նույնպես: Դ. Աթոյանին հարցրինք ազգային բանակում նրա ծառայության, հոգեկան առողջության վիճակի պատճառով բանակում ծառայությունը կիսատ թողնելու մասին: Նա ասաց,որ ինքը ազգային բանակում 2 տարի ծառայել, ծառայություն ավարտել է: 32 տարեկան Դ. Աթոյանն ասաց, որ տնտեսագետ է, այժմ հեռակա սովորում է, 2018թ.-ին կավարտի Երեւանի արտաքին տնտեսական կապերի համալսարանը: Նա ժխտեց, որ ավտոմեքենայով վառելափայտի գործ է անում:

Դենդրոպարկի տնօրենին հարցրինք նրա կողմից ավտոմեքենան հարբած վիճակում վարելու, ծեծկռտուքներին մասնակցելու վերաբերյալ: Նա ծիծաղելով ասաց. «Ես չգիտեմ, թե ով ա նման հիմարություններ ասել, կյանքիս մեջ ես որեւիցե մի անգամ թույլ չեմ տվել կռիվների մեջ ընկել, արագ քշել: Դա լրիվ աբսուրդ բան ա»:

Դ. Աթոյանին հարցրինք` ոգելից խմիչք օգտագործած վիճակում ավտոմեքենա վարելու համար 2017թ. հունիսի 26-ին պետավտոտեսուչի կողմից իրեն 150 հազար դրամով տուգանելու արձանագրություն կազմվելու մասին: Նա հաստատեց այդ փաստը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներում՝ Բերդի համայնապատկերը եւ Սորանի այգին`մեղրի փառատոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. կարինե երանոսյան says:

    Երաժիշտ եմ, մի քանի տարի մասնակցել եմ Սորան կոչվող այգում կազմակերպվող միջոցառումներին:Չեմ կարող անտարբեր դիտորդ մնալ այդ ցավոտ հարցի նկատմամբ:
    Արհեստիս բերումով եղել եմ բազմաթիվ երկրներում և կարող եմ փաստել այգու եզակիությունը:Այգին մեռնում է:Այգին կարիքն ունի հմուտ բժշկի միջամտության:Բույսը,
    ծառը,թռչունները կուսակցական պատկանելիություն չունեն և ենթարկվում են բնագիտության
    օրենքներին:Միանշանակ այգի պետք է հանձնվի մասնագետների հոգածությանը:

  2. կարինե երանոսյան says:

    Ծառը,թուփը,թռչունները ենթարկվում են բնագիտության օրենքներին:Խիստ մասնագիտական
    բնագավառը պետք է տնօրինեն գործի գիտակներն ու նվիրյալները:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031