«Սրանք ոչ թե մշակութային հասարակ օրեր են, որոնց ընթացքում տարբեր միջոցառումներ են տեղի ունենում, այլ, մեր կարծիքով` Հայաստանի օրեր են, որտեղ մենք կարող ենք ցույց տալ մեր մշակույթը, սովորույթները»,- ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ՌԴ-ում Վարդան Տողանյանը այսօր կայացած ասուլիսում, որը նվիրված էր Հայաստանի մշակույթի օրերին Ռուսաստանում։ Ասուլիսի ընթացքում խոսվեցին այն հիմնական խնդիրների մասին, որոնք խանգարում են հայկական մշակույթն ավելի շատ տարածել Ռուսաստանում։ Ինչպես նշեց ՌԴ հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը ` պատճառներից մեկը չհետաքրքրվելն է. «Այս խնդիրը չի երևում փոքր քաղաքներում, այնինչ բավական մեծ քաղաքներում կա հայ համայնքում հայկական մշակույթը տարածելու խնդիր»։
Վարդան Տողանյանը խոսեց անցկացվելիք միջոցառումների մասին։ Մշակութային օրերի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին։ Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենա Մարտիրոս Սարյանի նկարների ցուցադրություն։ Նկարները նախապես բերվել են երեք տարբեր պատկերասրահներից։ Լինելու են նաև Մարշալ Բաղրամյանի 120-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց ներկա է լինելու նաև ՀՀ Պաշտպանության նախարարը։ Սպասվում են նաև դասական և ջազ համերգներ, գեղեցկության մրցույթ, ինչպես նաև Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի առաջնություն դպրոցականների շրջանում։
Ընդհանուր առմամբ, այս տարի կազմակերպիչներն աշխատել են շեշտը դնել հենց Հայաստանն, ինչպես նաև երկրի մշակույթը շատ լավ ներկայացնելու վրա։ Նրանք կարծում են, որ մշակութային օրեր կազմակերպելը միայն մեկ-երկու քաղաքում` անիմաստ և ձևական բնույթ կկրեր, այդ իսկ պատճառով աշխատել են ավելի մեծ շրջանակում ամեն բան կազմակերպել։
Մշակութային օրերի նպատակն է հետաքրքրություն առաջացնել ոչ միայն հայերի, այլև` Ռուսաստանում ապրող այլ ազգերի շրջանում։
Ռուզան ՄԱՐԳԱՐՅԱՆ