Իմ սիրելի վանքի բակում՝ հնամենի պարսպի վրա, ինձ համար տեղ կպահես…այն տեղը, որտեղից նայում եմ հեռվում քուն մտնող մայրաքաղաքի փոքրիկ լույսերին ու լսում լռությունդ՝ սառը, սպանող, բայց կիրք շնչող լռությունդ: Ոչինչ…միեւնույնն է՝ ինձ պարսպի վրա տեղ կպահես…այն տեղը, որտեղ ամենաշատը թրջվեցի, երբ անձրեւի տաք կաթիլները փորձում էի նույնացնել սառը հայացքիդ հետ:
Ինձ համար տեղ կպահես՝ ոչինչ, որ խնդրանքս գուցե չլսես…պարսպին երեխաներ կբարձրանան, աշակերտներ կնկարվեն, սիրահարներ կհամբուրվեն ու կբաժանվեն, բայց իմ տեղը դատարկ կմնա…ոչինչ, որ այլեւս չեմ կարողանա պարսպին՝ իմ տեղում նստել ու ժպտալ…
Ինձ տեղ կպահես հիշողությանդ մեջ՝ փոքրիկ, տաքուկ ու պաշտպանված տեղ…ոչինչ, որ այն երբեք իմը չի լինի: Ոչինչ, որ այն գուցե շատերը զբաղեցնեն, որովհետեւ դու շատերին ես տեղ տալիս՝ սիրառատ ու ժամանակավոր տեղ: Երեւի այդպես էլ չես սովորի գնահատել այդ տեղը…Իսկ ե՞ս: Չմտածես՝ ես քեզ համար տեղ կպահեմ՝ ամենասիրուն, ամենաջերմ ու մաքուր տեղը՝ աստղերի մեջ…:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ