Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Մկրտչյանը կարևորել է Գյոթեի ինստիտուտի մշտական ներկայացուցչության հիմնումը Հայաստանում

Հոկտեմբեր 30,2017 18:22

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը պաշտոնական այցով Երևանում է գտնվում Գերմանիայի Դաշնության երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկիի գլխավորած պատվիրակությունը: Այսօր ԳԴՀ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Նախարարի խոսքով` ԳԴՀ գլխավոր քարտուղարի այցը ևս մեկ հնարավորություն է` ճշգրտելու կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ուղղությունները: Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել Գերմանիայի դաշնային մակարդակով պաշտոնյայի այցը Հայաստան` այն բնորոշելով «ամփոփիչ»: Հայաստանն ավանդաբար համագործակցում է ԳԴՀ Սաքսոն Անհալթի և Բավարիայի երկրամասերի կրթության համակարգերի հետ և այս տարվա ընթացքում արդեն ՀՀ ԿԳ նախարարությունն ընդունել է այդ երկրամասերի կրթության նախարարներին:

Լևոն Մկրտչյանը կրթական համագործակցության ծրագրերից առանձնացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում գերմանական փորձը՝ հատկապես դուալ կրթության կազմակերպման գործում: Նախարարը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է գերմանական մոդելը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու ուղղությամբ: Այս համատեքստում նա կարևորել է վերանայել ԵՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը. «Կարծում եմ ժամանակն է, որ խորհրդատվություններից անցնենք մոդուլային ծրագրերի և որպես օրինակ վերցնենք գերմանական դուալ կրթության մոդելը»,-նշել է Լևոն Մկրտչյանը: ԳԴՀ նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկին իր հերթին նշել է, որ ինքը նախարարների հանձնաժողովի առաջին ներկայացուցիչն է, ով այցելում է Հայաստան և մեր երկիր է ժամանել համագործակցության ամրապնդման և զարգացման ծրագրերով: Նա ընդգծել է, որ Գերմանիայի Սաքսոն Անհալթի դպրոցների դասագրքերում ներառված է հայոց ցեղասպանության մասին նյութը, որպես կրթական ծրագրի բաղադրիչ:

ՀՀ կրթության և գիտության նախարարը, շնորհակալություն հայտնելով, գերմանական կողմին նման նախաձեռնության համար, տեղեկացրել է, որ եկող տարի նախատեսվող Հայոց ցեղասպանության գլոբալ համաժողովն անցկացվելու է «Կրթության դերը ցեղասպանության կանխարգելման գործում» խորագրի ներքո: Անդրադառնալով ՄԿՈՒ ոլորտի համագործակցությանը՝ ԳԴՀ պաշտոնյան տեղեկացրել է, որ դուալ կրթությունը Գերմանիայի կառավարությունը ներկայում մշակվող շրջանակային ուսուցման ծրագրի կարևոր ուղղություններից է և այս հարցում գերմանական կողմը պատրաստակամ է աջակցել Հայաստանին: Հանդիպման ընթացքում գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկին անդրադարձել է Հայաստանում գերմաներեն լեզվի ամրապնդման և տարածման հարցերին:

Ի պատասխան Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ մշակվել է «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգը», որը նախատեսում է հիմնել նաև օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցներ: Այն ենթադրում է ոչ միայն լեզվի ուսուցում, այլ տվյալ երկրի մշակույթի, գրականության, աշխարհագրության, պատմության հատուկ դասընթացներ և այս հարցում ևս ՀՀ ԿԳՆ-ն կարևորում է գերմանական կողմի աջակցությունը: «Մենք ունենք տարածքներ, որտեղ ավանդաբար գերմաներեն են ուսուցանում: Պետք է կարողանանք այդ տարածքների դպրոցները պահպանել, ստեղծել գերմաներեն լեզվի դպրոցների ցանց և զարգացնել դրանք»,- նշել է ԿԳ նախարարը՝ միաժամանակ կարևորելով Գյոթեի ինստիտուտի մշտական ներկայացուցչության հիմնումը Հայաստանում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի:

ՀՀ ԿԳ նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031