Համայնքների խոշորացման ծրագիրը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակից Վանիկ Հարությունյանի համար հայտնագործություն չէ, ըստ նրա՝ աշխարհում շատ երկրներ են այդ ուղիով գնացել:
«Այդ բարեփոխումներով, համայնքն ավելի շատ լիազորություն է ստանում, իշխանության ապակենտրոնացում է լինում», – նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ այսօր «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ ասաց պաշտոնյանը: Իսկ քննարկումը «Համայնքների խոշորացման գործընթացը Գեղարքունիքում. ավելի արդյունավետ կառավարու՞մ» թեմայով էր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի հինգին այս մարզի երկու համայնքում՝ Վարդենիս ու Ճամբարակ, ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի խոսքով էլ, այն համայնքները, որոնք արդեն խոշորացվել են, լավ օրինակ են զարգացած համայնքի: Խոշորացված համայնքներում լուծվել է լուսավորման, մանկապարտեզների, նոր աշխատատեղերի հարցերը: Վանիկ Հարությունյանն էլ ասաց, որ Ճամբարակի շրջանում խոշորացումը տեղի կունենա երկու փնջով. «Ճամբարակը Շողակաթի հետ, Ճամբարակն իր մեջ ընդգրկում է տասներեք բնակավայր, Շողակաթը՝ վեց համայնք: Վարդենիսի տարածաշրջանը՝Գեղամա սարի փունջը տասնութ համայնք… խոշորացման հիմնական նպատակը համայնքին մատչելի ու որակյալ ծառայություններ մատուցելն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ