Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և ԵՀԽ-ի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի համագործակցությամբ տեղի ունեցավ «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն. կրոնական թանգարանների առաքելությունը» խորագրով միջազգային կոնֆերանսը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ կրոնական թանգարանները միայն ինչ-որ իր պահպանելու համար չեն, այլ նաև խոսնակն են տվյալ մշակույթի, ինչպես նաև տվյալ ժողովրդի բարեպաշտության, մտածելակերպի նյութեղեն արտահայտությունն են։
«Այսօրվա հավաքի կարևորությունը արժևորվում է ժամանակակից կյանքին հայացք նետելով։ 21-րդ դարն է, թվում է, թե ժողովրդավարության և փոխըմբռնման դար է։ Մյուս կողմից աշխարհի տարբեր անկյուններում տեղի են ունենում պատերազմներ և հակամարտություններ և ցավոք, շատ հաճախ այդ ամենը կրոնական հողի վրա է ։ Շատ կարևոր է մեզ համար կրոնների և մշակույթների երկխոսությունը։ Երկխոսությունը նշանակում է նստել սեղանի շուրջ, զրուցել, իրար լավ ճանաչել և հրաժեշտի ժամանակ ձեռք սեղմել՝ որպես ընկերության և փոխըմբռնման նշան»,-իր խոսքում նշեց արքեպիսկոպոսը։
Ելույթով հանդես եկավ նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որը կարևոր համարեց նմանատիպ միջոցառումների անցկացումը, ինչպես նաև ընդգծեց, որ թանգարանները միայն գեղագիտական հաճույք ստանալու համար չեն։ Նա նշեց, որ հաջորդ տարի ակնկալում են Հայաստանի Հանրապետության առաջին անկախության 100-րդ տարելիցի առթիվ ժամանակավոր ցուցադրություն բացել հոգևոր, եկեղեցական արվեստի գործերը ցուցադրելու համար։
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և ձեռագրերի պահոցի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը Aravot-ի հետ զրույցում նշեց, որ կրոնական թանգարանները կարծես թե լուսանցքում էին հայտնվել։
«Տարիներ առաջ թանգարանային գործունեության ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ կրոնական թանգարանները երբեք միասին չեն նստել, հարց չեն քննարկել, ։ Եվ այդ մտածությունները պատճառ հանդիսացան նման միջոցառում կազմակերպելու համար»,-ասաց քահանան՝ հավելելով, որ տարեցտարի ցանկանում են ընդգրկել ավելի շատ թվով երկրների։
Միջոցառմանը մասնակից երկրներն էին Ռուսաստանը, Իրանը, Ֆինլանդիան, Իտալիան և Հայաստանի հրեական համայնքը։
Իրանի ներկայացուցիչը իր խոսքում անդրադարձավ խաղաղությանն ու փոխըմբռնմանը, դրանց կարևոր գործոն համարելով միջպետական երկխոսությունները։ « Կրոնական թանգարանների նպատակն այն է, որ սեփական արժեքները ծանոթացնես ուրիշներին և հնարավորություն ունենաս ծանոթանալու ուրիշների մշակույթների հետ և դա հիմք հանդիսանա խաղաղության և մերձեցման համար»։
«Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը մեզ հետ զրույցում ասաց, որ միջոցառման հիմնական նպատակը կամուրջի ստեղծումն է կրոնական թանգարանների միջոցով։
«Մեր հիմնական գործառույթներից մեկը միջկրոնական երկխոսությանը նվիրված միջոցառումների կազմակերպումն է ։ Նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական և տարածաշրջանային ընդգրկում են ունենալու»,-եզրափակեց ղեկավարը։
Կարինե Կիրակոսյան