Լրահոս
Օրվա լրահոսը

«Իգլան» ՀՀ-ում է եղել, իսկ իմ դեմ ցուցմունք տվածին խոստացել են ազատել». Սամվել Բաբայան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2017 17:03

«Իգլա»-ի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալ Սամվել Բաբայանի ցուցմունքի ավարտից հետո լրացուցիչ միջնորդությունների փուլն էր:

Մյուս ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը միջնորդեց իր խափանման միջոց կալանքը փոխել եւ իրեն ազատ արձակել, քանի որ գտնում է, որ իր արարքներում հանցակազմ չկա: Դատավոր Արշակ Վարդանյանը գտավ, որ միջնորդությունը ոչ ժամանակին է արվում եւ դրան կանդրադառնան դատաքննության ավարտին:

Դատավորի որոշումը բարկացրեց Սանասար Գաբրիելյանին: Նա դժգոհեց, որ գործով առանցքային վկա Հրաչյա Մայիլյանը, որը մեկ այլ՝ կեղծ փաստաթղթերի գործով մեղադրյալ է, ազատության մեջ է, իսկ ինքը՝ ոչ:

Հիշեցնենք՝ Մայիլյանն այն անձն է, որի միջնորդությամբ, ըստ իր ցուցմունքի, «Իգլան» Վրաստանում ձեռք է բերվել, ապա տեղափոխվել Հայաստան:

«Իրեն «ծածկում» են, իսկ ես նստած եմ…իրենից հարցրեք՝ էդ զենքը ո՞նց գտավ, ո՞նց բերեց: Ոնց որ «Մենք ենք մեր սարերը» կինոն լինի, որում ասում են՝ «Ռեւազի ոխճարը ի՞նչ գույնի էր, ի՞նչ եղավ…»,-տեղից խոսելով ասաց Սանասար Գաբրիելյանը:

Այնուհետեւ նա եւ Սամվել Բաբայանը միջնորդեցին հարցաքննել Էջմիածնի նախկին քաղաքապետի որդի Ռոբերտ Աղվանյանին: Մեղադրող դատախազ Արամ Արամյանը հայտնեց, որ նա ձերբակալվել է Վրաստանում եւ ՀՀ իրավապահ մարմինները տեւական ժամանակ է՝ դիմել են վրացական կողմին՝ նրան արտահանձնելու համար: Սանասար Գաբրիելյանը պնդեց, որ Ռոբերտը ՀՀ ԱԱԾ-ի ձեռքում է, Սամվել Բաբայանն էլ ասաց. «Ինքը գլխավոր անձն է, որին խաղից հանել են եւ շարունակում են պաշտպանել»:

Ապա Սամվել Բաբայանը վստահեցրեց. «Այդ «Իգլան» Վրաստանից չի բերվել, դա այստեղ է եղել՝ մեկի «գարաժում» գցած: Հրաչյա Մայիլյանն այս գործով իմ դեմ ցուցմունք է տալիս, որի դիմաց իրեն խոստացել են բաց թողնել. կեղծ փաստաթղթերի գործի մասին է խոսքը»:

Սանասար Գաբրիելյանը շարունակեց. «Հո՞րթ ենք, ինչ ենք, որ «գռուզիտ» եք անում: Նրան բերեք, նա է զենքը առնողը»: Դատարանը որոշեց նշյալ միջնորդությունը մերժել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031