Քիչ առաջ սոցցանցերում լուրեր շրջանառվեցին, որ Վանաձորի թիվ 6 դպրոցի բակում երեկ երեկոյան ծառեր են հատվել: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այդ ծառահատումներից տեղյակ չեն. «6-րդ դպրոցի բակը մեր տարածքը չէ, նաեւ չգիտեմ, թե դրանք ծառեր են եղել, թե թփեր, կամ ով է եղել անողը: Օրինակ, մեր քաղաքում երկրաշարժից հետո իրենք իրենց աճած թփեր ունենք, որոնք արդեն ծառի են վերածվել: Հիմա էտման հետ դրանք էլ ենք վերացնում: Տիգրան Մեծ պողոտայի եւ Թումանյան փողոցի վրա անմիջապես էլեկտրասյանը սերտաճած թուփ է եղել, հետո ծառ է դառել: Դպրոցի բակինն էլ կարող է էդ տեսակ ծառեր են եղել, չգիտեմ»:
Դպրոցի տնօրեն Նազելի Ասատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ծառահատումները կատարվել են իր իմացությամբ: Նրա խոսքով, ծառերը հատել են, քանի որ դրանք իրենցից վտանգ են ներկայացրել. «Դրանք ինքնաճ շիվեր էին, սեզոնային մաքրման համար են հատվել, իմ տեղեկությամբ: Դրանք դպրոցի հիմքերը խարխլում էին, հետո վտանգավոր էին, երեխաներն անընդհատ բարձրանում էին ծառերի վրա: Լուսավորությունը փակում էր, դասասենյակները մթնացրել էր եւ արեւ չէր թափանցում: Այդ նպատակով կտրտվել են, դրանք շիվեր էին»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Նարինե Ավետիսյանի