«Ազատություն» ռադիոկայան. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում կմասնակցի ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը:
«Վշտի պատ» կոչվող հուշահամալիրի հեղինակն է մոսկվացի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը:
«Մոսկվայի կենտրոնում կայանալիք այսօրվա արարողությանը մասնակցելու է նաև Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը», – հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Խորհրդային շրջանի մի շարք հայտնի այլախոհներ, սակայն, հանդես են եկել բաց նամակով՝ նման հուշակոթողի բացումը ցինիզմ որակելով:
«Իշխանությունների երեսպաշտությանն աջակցելը անբարոյականություն է: Չի կարելի մասնակցել մի իշխանության կազմակերպած միջոցառումներին, որն իբր ցավում է խորհրդային վարչակազմի զոհերի մասին, բայց իրականում շարունակում է քաղաքական բռնաճնշումները և սահմանափակում է քաղաքացիական ազատությունները երկրում», – նշված է մի շարք նախկին խորհրդային հանրապետություններ ներկայացնող շուրջ չորս տասնյակ այլախոհների` Kasparov.ru կայքում հրապարակված բաց նամակում:
Ուղերձի հեղինակների թվում են Վլադիմիր Բուկովսկին, Մուստաֆա Ջեմիլևը, Ալեքսանդր Պոդրաբինեկը, Վարդան Հարությունյանը, Լևկո Լուկյանենկոն, Դավիթ Բերձենիշվիլին:
Գեւորգ Ստամբոլցյան