Երեկ երեկոյան Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Գյուլագարակ հատվածի 7-րդ կմ-ում ծառն ընկել է մեքենայի վրա՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Դեպքի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
-Ծառն ընկել է Opel Vectra մակնիշի 35 GZ 279 պետհամարանիշով մեքենայի վրա՝ վնասելով մեքենայի տանիքը, մասնակի նաեւ դիմապակին: Փրկարարները ծառը մասնատել են եւ հեռացրել ճանապարհից, երթեւեկությունը վերականգնվել է,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով, այսօր քամու հետ կապված մարզային փրկարարական վարչությունը ահազանգ չի ստացել:
Այս պահին Վանաձորում քամու ուժգնությունը կազմում է 19մ/վ, Ստեփանավանում՝ 24մ/վ, Օձունում այն կազմում է՝ 18 մ/վ:
-Սա վտանգավոր երեւույթ է, բայց ոչ արտառոց: Առաջիկա 3 օրերին մարզում հիմնականում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Մինչեւ ամսի 3-ը ջերմաստիճանը կնվազի 6-7 աստիճանով: Նոյեմբերի 3-4 կլինի առանց տեղումների եղանակ: Ձյան տեսքով տեղումներ դեռեւս չեն կանխատեսվում,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության Լոռու մարզային համակարգող Վարդգես Եգանյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ