«Տալլինում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը պատասխանելով իմ հարցին՝ նշեց, որ Եվրամիությունը պատրաստ է ստորագրել այս փաստաթուղթը Բրյուսելյան գագաթաժողովի շրջանակներում»,- «Հայացք» ակումբում պատմեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։
Ըստ նրա, Հայաստանում թեժ քննարկումներ են ընթանում՝ փաստաթուղթը ստորագրելու, չստորագրելու վերաբերյալ, բայց. «Պատասխանը հստակ էր, երկմեկնաբանություն չի պարունակում, ստորագրումը կլինի հենց Բրյուսելում, հենց գագաթաժողովում: Պարոն Հանն ասաց, որ ԵՄ-ՀՀ համագործակցությունն ուղղված չէ երրորդ պետությունների դեմ, այդ համագործակցության վրա չեն կարող ազդել երրորդ պետությունները: Հայաստանը կարող է ցույց տալ, որ կարող ես լինել ԵՏՄ անդամ ու միաժամանակ Եվրոպայի հետ լուրջ պայմանագիր կնքես, Հայաստանը կլինի առաջին երկիրը, որը ԵՏՄ անդամ է ու միաժամանակ շատ լուրջ փաստաթուղթ է կնքում Եվրոպայի հետ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ