Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճ՝ ՔԿՀ-ներում

Հոկտեմբեր 30,2017 16:01

2016 թվականի տվյալների համաձայն՝ մեկ հանձնուքի գինը կազմում է 30 000-80 000 դրամ, այնինչ 2013 թվականին հանձնուքի միջին արժեքը կազմում էր 10 000-30 000 դրամ. փորձագետ

«Արմատական փոփոխության խոչընդոտը հիմնականում քրեակատարողական հիմնարկի վարչության պետի նշանակումն է նախագահի կողմից, և չենք կարողանում ձերբազատվել նման մենաշնորհային կառավարման գործընթացից»,- ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամների կազմակերպած այսօրվա քննարկման ժամանակ ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»–ի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը: Ըստ նրա՝ թեեւ նախարարության կողմից դրական քայլեր իրականացվել են, հիմնարկներում կան վերանորոգված խցեր, բայց դրանք արմատական փոփոխություններ չեն:

Իսկ արմատական փոփոխության խոչընդոտ է նա համարում հասարակության մեջ քրեական աշխարհի օրենքների նկատմամբ առկա վերաբերմունքը. «Այս ոլորտի բարեփոխումները թվերի, սոցհարցումների տրամաբանության մեջ չեն տեղավորվում, այստեղ մի դեպքը կարող է հարցականի տակ դնել տարիների աշխատանքը»:

Իրավապաշտպան, դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանն էլ խոսեց քրեակատարողական հիմնարկների սանհանգույցների, ջրի հասանելիության խնդիրներից, ասաց նաեւ, որ հիգիենիկ պայմանների ապահովման ու գերբնակեցման խնդիր կա, ապահովված չէ դատապարտյալների համար սպիտակեղենը. «Արդյունքում`մենք ունենք թույլատրելի թիվը գերազանցող 1100-ից ավելի կալանավոր տարվա ընթացքում»:

Քննարկման մասնակից Ռուբեն Սարգսյանն էլ զեկուցեց, որ 2016 թվականի տվյալների համաձայն՝ մեկ հանձնուքի գինը կազմում է 30 000-80 000 դրամ, այնինչ 2013 թվականին հանձնուքի միջին արժեքը կազմում էր 10 000-30 000 դրամ, իսկ տոնական օրերին հանձնուքի ընդհանուր արժեքը գերազանցել է 100 000 հազար դրամը:
Ըստ նրա՝ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին փոխանցվող գումարի նվազագույն չափը 20 000 դրամն է, ինչի համար ՔԿՀ աշխատակցին վճարվում է հավելավճար՝ փոխանցվող գումարի 10 տոկոսի չափով.

«Ըստ հարցման արդյունքների՝ հավելյալ տեսակցության համար անհրաժեշտ է լինում վճարել 5000-10 000 դրամ: 2013 թվականին բջջային հեռախոսը ՔԿՀ-ներ մտցնելու գինը 5000-10 000 դրամ էր, իսկ 2016 թ.-ին դարձել է 30 000 -50 000 դրամ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031