Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«4 տոկոս գնաճը նորմալ է, գնաճի հետ մենք խնդիր չունենք, դա հնարած երեւույթ է». Արթուր Ջավադյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2017 14:25

Այսօր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին, թե նախորդ տարի գնաճն ինչքա՞ն է կազմել, պատասխանեց. «Դեֆլյացիայով ենք դժբախտաբար ավարտել, որը այնքան էլ լավ երեւույթ չէ»:

Նա ասաց, որ այս տարեվերջին գնաճը կկազմի 2.5 տոկս, իսկ հաջորդ տարվա համար կանխատեսվում է 4 տոկոս:

Ջավադյանի խոսքով՝ «Կան ապրանքատեսակներ, որոնք թանկացել են, բայց կան՝ կտրականապես էժանացել են»: Հարցին՝ օրինակ, ո՞ր ապրանքատեսակներն են կտրականապես էժանացել՝ նա պատասխանեց՝ օրինակ, շաքարավազը, բենզինը, միրգ- բանջարեղենը, շատ-շատ ապրանքներ:

Ջավադյանն ասաց, որ ամեն ինչ առաջարկով եւ պահանջարկով է ձեւավորվում, երկրորդ գործոնը սպասումներն են եւ շուկայի չափսն է. «Օրինակ, կարտոֆիլ մենք էլ ենք արտադրում, բայց մասամբ ներկրում ենք, երբեմն՝ արտահանում: Եթե ՌԴ-ում, Եվրոպայում կարտոֆիլի գինը կտրուկ աճի, դա կանդրադառնա նաեւ մեր երկրում կարտոֆիլի գնի վրա՝ անկախ նրանից, թե մենք ինչքան կարտոֆիլ կարտադրենք»:

Հարցին՝ տեսակետներ կան, որ գնաճի միջոցով ուզում եք բյուջեն լցնել՝ Արթուր Ջավադյանը պատասխանեց. «Չէ, մենք գնաճ չունենք: Խնդրում եմ ձեզ, դրան հետեւեք: Մենք կհրապարակենք թվերը, զամբյուղը: 1.7 տոկոս գնաճը նորմալ գնաճ է»:

Դիտարկմանը, որ աշխատավարձի, կենսաթոշակի բարձրացում չի նախատեսվում՝ Ջավադյանն ասաց, որ մենք անցյալ տարի դեֆլյացիա ենք ունեցել, ինչը նշանակում է, որ մեր էֆեկտիվ աշխատավարձը բարձրացել է, մենք ունեցել ենք աշխատավարձի աճ այդ առումով: Դրա մասին ոչ մեկը չխոսեց անցյալ տարի, որովհետեւ դեֆլյացիան լավ երեւույթ չի: Փոքր գնաճը պարտադիր է, տնտեսական կայուն միջավայր ապահովելու համար լավագույն միջավայրն է: Մենք ունենք ցածր գնաճ, որը համապատասխանում է համաշխարհային բոլոր ստանդարտներին: Եթե համեմատում ենք մեր հարեւան երկրների՝ ԵՏՄ –ի երկրների հետ, մեր գնաճի մակարդակը բավականին լավ է, նորմալ մակարդակի վրա ենք: Մեր հետ համեմատելի է միայն մեր հարեւան Վրաստանի գնաճի ցուցանիշները: Մեր մյուս հարեւանը, որին հարեւան դժվարությամբ ասեմ՝ Ադրբեջանում այս պահին 13 տոկոս գնաճ է, իսկ մեր մոտ այդ առումով լավ է»:

Լրագրողների դիտարկմանը, որ հաջորդ տարի էլ 4 տոկոս է դառնալու մեր երկրում գնաճը, աշխատավարձի, թոշակի բարձրացում էլ չկա, չի՞ կարող սա ազդել մարդկանց կյանքի վրա՝ վատ իմաստով՝ Ջավադյանը պատասխանեց, որ 2006-ից, երբ որդեգրել են գնաճի նպատակադրման քաղաքականությունը, մշտապես 4 -+ 1.5 տոկոս ենք դրել: Մենք ջանքեր պետք է դնենք, որ հասնենք այդ մակարդակին, դրանից ցածր գնաճն էլ որոշակի պրոբլեմներ է ստեղծում»:

Ջավադյանն ասաց, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձն էլ մեր տարածաշրջանում ամենաբարձրն է. «8-10 տոկոսն է բարձր գնաճ: ՀՀ-ի պայմաններում մեր միջին գնաճը եղել է 3 տոկոսից պակաս, որը համապատասխանում է համաշխարհային լավագույն ցուցանիշներին: 4 տոկոս գնաճը մենք կանխատեսում ենք, դա նորմալ է, իսկ 2 տոկոսը ես նույնիսկ համարում եմ ցածր, որովհետեւ որոշակի խնդիրներ ենք ունենում տնտեսական աճի հետ կապված: Կարող ենք անսպառ կրճատել տոկոսադրույքները, ունենանք դեֆլյացիա, չենք ունենա տնտեսական աճ, այ այդ ժամանակ կսկսեն փակվել աշխատատեղեր, ինվեստիցիաներ չեն լինի»:

ԿԲ նախագահը հայտարարեց. «Գնաճի հետ մենք խնդիր չունենք»: Լրագրողները արձագանքեցին՝ դուք չունեք, մենք ունենք՝ Ջավադյանը պատասխանեց. «Ոչ ոք չունի: Դա հնարած ինչ-որ մի երեւույթ է: 1.7 տոկոս գնաճ ունենք ընդամենը, 2 ամիս առաջ մենք դեֆլյացիա ունեինք»:

Ջավադյանին հարցրեցին՝ դուք խանութ գնո՞ւմ եք, գիտե՞ք մսի գները, կարագի գները՝ նա պատասխանեց. «Խանութ գնում եմ: Կարագն ու միսն է թանկացել, բայց քանի ապրանքատեսակ էժանացել է: Ու ԿԲ-ն իր գործիքներով չի կարող ազդել կարագի, մսի գների վրա: Կարող ենք ազդել ընդհանուր գների մակարդակի վրա»: Ջավադյանը վստահեցրեց, որ ընդհանուր գնաճային երեւույթ չկա, որ միջամտեն եւ ազդեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031