Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«2013-ին ՀՀ-ն «դուբինկա» էր ՌԴ-ի ձեռքին, հիմա այլ է. համաձայնագիրը կստորագրվի». Ալեքսանդր Իսկանդարյան

Հոկտեմբեր 30,2017 14:17

Կատալոնիայում ճգնաժամը ևս կարող է ազդեցություն ունենալ նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցում:

«Մեդիա կենտրոն»-ում հրավիրված «Բանակցային խոչընդոտներ. ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը եւ ԼՂ հակամարտության կարգավորման վերսկսված գործընթացը» թեմայով քննարկմանը բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն այս առումով որոշ պարզաբանումներ ներկայացրեց. «Ինտրիգն այս պարագայում ոչ թե փաստաթղթի վերաբերյալ է, այլ կապված է իրավիճակի հետ, օրինակ՝ Կատալոնիայում: Կան մի շարք եվրոպական երկրներ, որոնք ավելի շատ կփորձեն գործընթացը քաղաքականացնել, կան Կատալոնիայում տարածքային ամբողջականության ճանաչման հետ կապված հարցեր: Այնպես որ, սրանք ոչ թե բյուրոկրատական խնդիրներ են, այլ ավելի լուրջ մարտահրավերներ: Ամեն ինչ կախված կլինի, թե ինչպիսի ձևակերպումներ կունենանք: Դեռ բանակցություններն ընթացքի մեջ են»: Պարոն Մարտիրոսյանը չբացառեց՝ որոշ երկրներ կարող են շահագրգռված լինել նրանում, որ բանակցությունները չավարտվեն համաձայնագրի ստորագրումով: Փորձագետի համոզմամբ՝ կարևոր է նաև, թե ինչ զարգացումներ և հանգուցալուծում կլինի Կատալոնիայի հարցով:

Ռուսական գործոնի հետ կապված պարոն Մարտիրոսյանն ասաց, որ այդ երկրի հետ գրեթե ամեն ինձ համաձայնեցված է, բայց կարող են այլ խնդիրներ լինել:

Արդյոք Կատալոնիայում ճգնաժամը կարո՞ղ է ազդել այս խնդիրի վրա, Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Համամիտ չեմ: Քաղաքական խնդիր արդեն չկա: Այն խնդիրները, որոնք այսօր կան, ավելի շատ տեխնիկական են: Կարծում եմ՝ համաձայնագիրը կստորագրվի: Բավականին մեծ է հավանականությունը, որ այն կստորագրվի նոյեմբերի 24-ին, բայց, տեսականորեն, երբեք մի ասեք՝ երբեք: Եթե չհասցնեն էլ նոյեմբերի 24-ին ստորագրել, դա կլինի ավելի ուշ: Սակայն ասել, որ համաձայնագիրն ընդհանրապես չի ստորագրվի, դա արդեն չափազանցեցված մոտեցում կլինի: Մի խոսքով, կան խնդիրներ, որոնք քաղաքական բնույթի չեն: Որքանով տեղյակ եմ, հարևաների հետ բարդությունները ևս հաղթահարված են: Խնդիրները կապված են զուտ եվրոպական բյուրոկրատական համակարգի հետ»:

Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է՝ Ռուսաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է համարյա ամեն ինչ. «Իրականում ռուսական կողմն անգամ մինչև հրապարակումը տեղյակ էր համաձայնագրի բովանդակությանը, և լուրջ հակասություններ չկային: Բայց նորից եմ ասում՝ ոչինչ բացառված չէ: Սակայն կարծում եմ՝ համաձայնագիրը նոյեմբերի 24-ին կստորագրվի. կողմերն ամեն ինչ համաձայնեցրել են»:

Ըստ փորձագետի՝ այժմ իրավիճակն այլ է, ինչ 2013-ին, երբ ավելի շատ Ուկրաինայի հետ կապ ուներ. «Ռուսաստանը որպես դուբինկա, գործիք էր օգտագործում Հայաստանին Ուկրաինայի վրա ազդեցություն գործելու համար: Հիմա նման խնդիր չունի»:

Անդրադառնալով Ալիև-Սարգսյան հանդիպումից հետո սահմանային լարվածության աճին՝ պարոն Մարտիրոսյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից ռազմավարության փոփոխություն չի տեսնում, ընդհակառակը, Ադրբեջանը սահմանին ռազմական ուժ գործադրելով՝ նաև ակնարկում է, որ ունեն նոր՝ իսրայելական զինատեսակներ:

Պարոն Իսկանդարյանը ղարաբաղյան հակամարտության՝ խաղաղ ճանապարհով լուծման մոտիվացիա Ալիևի կողմից չի տեսնում. «Դիվերսիա, դիպուկահարների կիրառում. սա է ադրբեջանական ռազմավարությունը: Իսկ ղարաբաղյան հակամարտությունը ղեկավարել ոչ մեկը չի պատրաստվում»:

Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ դրական էր երկու նախագահների հանդիպումը. նույնիսկ եթե ոչինչ չեն ասում, միայն անեկդոտ են պատմում, ավելի լավ է, քան այն, որ ոչ մի շփում չլինի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031