Հոկտեմբերի 26-ին ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարտում մեկնարկեցին արդեն ավանդական դարձած հայկական մշակութային օրերը, որի նպատակն է Գերմանիայի հասարակությանը ներկայացնել հայ ժողովրդի հարուստ պատմական ժառանգությունը, մշակույթն ու ավանդույթները: Այս տարվա միջոցառումները անցկացվում են «Մաշտոցը հանդիպեց Լյութերին․ մշակույթների հանդիպում» խորագրի ներքո:
Միջոցառումների բազմաբնույթ ցանկում առաջին անգամ ընդգրկվել է նաև հայկական տարազների և գորգերի ցուցադրություն՝ «Տերյան մշակութային կենտրոն» արվեստագետների ներկայացմամբ:
Հայկական մշակութային օրերի շրջանակում «Հայ ավետարանական եկեղեցու պատմությունն ու գերմանացի միսիոներների դերը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Էրլանգենի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր Խաչիկ Գազերը, տեղի ունեցավ «Աստված հարստացրել է իմ կյանքը» գրքի շնորհանդեսը, Ռաֆայել Հովհաննիսյանի «Հայկական հետքեր Բադեն-Վյուրթեմբերգում» փաստավավերագրական ֆիլմի ներկայացումը, Շտուտգարտի ջազային նվագախմբի համատեղ ելույթը ՀՀ վաստակավոր արտիստներ Էմմա Պետրոսյանի, Արամոյի և Մադաթ Ավանեսովի հետ համատեղ։
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ մեկ այլ միջոցառում, որտեղ կատարվեցին Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, որը հանդիսատեսի կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀԱԵ հոգևոր հովիվ Տիրատուր Սարդարյանը:
Կատարումներով հանդես եկան դաշնակահարներ Ռուբեն Մելիքսեթյանը, Իզաբելա Մելքոնյանը, երգչուհի Աննա Ավդալյանը, թավջութակահար Վաչե Բագրատունին և ջութակահար Քրիստինա Ալթունյանը:
ՀՀ ԱԳՆ