Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղի բարբառը մոնտաժ եք արել». Սամվել Բաբայանի ցուցմունքը՝ փողերի լվացման դրվագով (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2017 14:10

«Իգլա»-ի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալ, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ցուցմունք տվեց նաեւ փողերի լվացման դրվագով: Ըստ մեղադրանքի, նա փորձել է հանցավոր ճանապարհով ստացված, հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից դուրս եկած եվրո թղթադրամների մեծ խմբաքանակ ձեռք բերել եւ քիմիական մաքրման միջոցով դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնել:

Սամվել Բաբայանը պարզաբանեց, որ ռուսաստանցի Վասիլին իրեն 35 հազար դոլարի պարտք է ունեցել, որը մարել է աստիճանաբար, եւ մնացած 5000 դոլարի փոխարեն ուղարկել 5000 եվրո՝ նախապես տեղեկացնելով, որ դրանք «ներկոտված» են: Բաբայանը խնդրել է նմուշ ուղարկել՝ պարզելու համար՝ իրակա՞ն փողեր են, հնարավո՞ր է մաքրել, թե՞ ոչ: Թղթադրամների նմուշները Երեւան-Մոսկվա երթուղով հասել են Բաբայանին, ինքն էլ, իր պատմելով, դիմել է գործով մեկ այլ ամբաստանյալ Կարեն Քոչարյանին, որն իր գործընկերն է, ու խնդրել հետաքրքրվել՝ հնարավո՞ր է ներկը՝ «լաքան», մաքրել:

«Ես փող չեմ լվացել: Տեղյակ չեմ եղել, որ այդ գումարները գողացված են եղել: Դուք՝ մեղադրող, ունե՞ք փաստաթուղթ, որ այդ գումարները շրջանառությունից հանված են եղել: Չունեք: Ինչպե՞ս իմացաք, որ դրանք գողացված գումարներ են: Վեց ամիս հեռախոսդ լսեմ՝ հարյուր հատ հոդված կգրեմ վրեդ»,-դիմելով գործով մեղադրող-դատախազ Արամ Արամյանին՝ ասաց Սամվել Բաբայանը: Դատախազը նրան հարցեր էր ուղղում՝ մեջբերումներ անելով Մոսկվա կատարած զանգերի գաղտնալսումներից: Բաբայանն էլ պնդեց, որ քննիչները շատ դեպքերում Արցախի բարբառը սխալ են հասկացել եւ գրել այն, ինչ իրենց է ձեռնտու. «Ղարաբաղի բարբառը մոնտաժ եք արել: Ես փող բառը չեմ ասել, սխալ եք հասկացել: Կամ, որ ասում եմ՝ «ճղած», նկատի ունեմ՝ «պատռված-կոտրված», ու խոսքը տախտակների մասին է, որի գործ եմ արել Մոսկվայում, ոչ թե փողերի…Բերել-կապել եք «Իգլա»-ի գործին ու շոու սարքել: Ամոթ է»:

Սամվել Բաբայանը նաեւ նշեց, որ ներկոտված թղթադրամները ստուգել տալուց հետո համոզվել է, որ դրանք կեղծ չեն, իսկ գունանյութը ցանկացել է մաքրել տալ, որպեսզի բանկում փոխանակելիս պահման տոկոսը քիչ լինի: Սամվել Բաբայանը նաեւ դժգոհեց, որ նախորդ ամիսներին հեռուստաալիքներն իրեն որպես «ավազակ» են ներկայացնում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031