Լրահոս
Օրվա լրահոսը

Հունական առասպել հայկական Ջերմուկում

Հոկտեմբեր 30,2017 14:30
Glazor

Կառավարությունը մտադիր է քաղաքը զարգացնել գեղեցիկ ձեւակերպումներով

ՀՀ կառավարության հաստատած եւ խորհրդարան ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ուղերձի, ծախսերի կանխատեսում» բաժնի «Հանգստի եւ սպորտի ծառայություններ» գլխում գրված է. «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում տարածքային զարգացման աճի բեւեռի ձեւավորում»` 683,2 մլն դրամ: Հատկապես գերող էր «Տարածքային զարգացման աճի բեւեռի ձեւավորում» ձեւակերպումը: Սրա հետեւից գնացինք ֆինանսների նախարարություն: Փորձեցինք պարզել. ի՞նչ է նշանակում տարածքային զարգացման աճի բեւեռ, ինչո՞վ է զբաղվելու տարածքային զարգացման աճի բեւեռը, ո՞ր երկրների փորձն է ուսումնասիրվել տարածքային զարգացման աճի բեւեռ ձեւավորելու նախաձեռնության տրամաբանության մեջ, բացի Վայոց ձորից՝ էլ ո՞ր մարզերում է ձեւավորվելու տարածքային զարգացման աճի բեւեռ:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Գեւորգյանից ստացած պատասխանից պարզվեց, որ «Տարածքային զարգացման աճի բեւեռի ձեւավորում» ասելով կառավարությունում նկատի ունեն Ջերմուկում հանգստի ենթակառուցվածքների սովորական նորոգում-բարեկարգում: Նշված 683,2 միլիոնը հենց այդ նպատակին է ուղղվելու: Իսկ թե ինչու է դրա համար ընտրվել «Տարածքային զարգացման աճի բեւեռի ձեւավորում» գեղեցիկ եւ հուսադրող արտահայտությունը՝ պարզ չէ:

Վերջին 9-10 տարում ՀՀ կառավարությունը Ջերմուկը զարգացնելու բազմաթիվ որոշումներ է ընդունել. Ջերմուկ քաղաքը հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն, հաստատվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային հատակագծման նախագիծը (Ջերմուկի նոր օդանավակայանի տարածքի ներառմամբ)», խոստացվել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններից որոշ գործարարներ Ջերմուկում հյուրատներ կկառուցեն, 2015 թվականի նոյեմբերին կառավարությունը պետական բյուջեից գումարներ տվեց Ջերմուկ քաղաքին` կուտակած պարտքերը մարելու համար, ու որոշման հիմնավորման մեջ գրեց. «Ջերմուկի քաղաքային իշխանությունը հնարավորություն չի ունեցել սեփական միջոցների հաշվին սահմանված ժամկետներում ապահովել վերոնշյալ վճարումները, մարել նախորդ տարիներին առաջացած պարտքերը»: Պարտքեր կուտակող եւ դրանք չմարող իշխանությունը մնաց՝ Ջերմուկում իշխանափոխություն չեղավ: Կարեն Կարապետյանի օրոք ստեղծված «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը» Ջերմուկում ներդրումներ ապահովելու առաջարկներ մշակեց: Իսկ Ջերմուկը դեռ չի զարգանում: Երեւի դրա համար էլ սովորական նորոգումը դառնում է «Տարածքային զարգացման աճի բեւեռի ձեւավորում»

«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում Սերոբն այդպես էլ չի հաջողում կոստյումը հագնել, եւ Երվանդն ամեն անգամ նրան մխիթարում է՝ կոստյո՞ւմն է, որ պիտի գեղեցկացնի քեզ: «Հա էլի, խելքս հո հետս ա»,- պատասխանում է Սերոբը: Ասել է թե՝ բովանդակությունն է կարեւոր, ոչ թե արտաքին գեղեցիկ ձեւավորումը: Հակառակ դեպքում սովորական ավտոլվացմանը կարելի է ասել «Տրանսպորտային միջոցը անցանկալի նյութերից ազատելու միջոցառում», իսկ ծառ ջրելը՝ «Բնության նկատմամբ մարդու հոգատար վերաբերմունքի վառ դրսեւորում» եւ այսպես:

Անցած շաբաթ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ մեր ԱԺ-ն ավելի շատ հակասահմանադրական օրենքներ է ընդունում, քան մի քանի երկիր միասին վերցրած: Սա նշանակում է, որ ԱԺ բովանդակությունը (հավաքական ինտելեկտը) առանձնապես չի տպավորում: Ու բյուջեի այս նախագիծն այսպես էլ կընդունվի: Ջերմուկը կստանա 683,2 միլիոնը: Բայց դա շատ նման է հունական Կորնթոս քաղաքի թագավոր Սիսիփոսի հետ տեղի ունեցածին: Աստվածները նրան դատապարտել էին հավերժորեն սարն ի վեր գլորել ծանր մի ժայռաբեկոր, որը հազիվ գագաթին հասած՝ դարձյալ գլորվում էր ցած, եւ նա ստիպված էր ամբողջ աշխատանքն սկսել սկզբից։ «Սիսիփյան աշխատանք» նշանակում է՝ անպտուղ աշխատանք: ՀՀ կառավարությունը Ջերմուկում 10 տարի անպտուղ է աշխատում: Միակ բանը, որ հաջողել են, ենթակառուցվածքների ընթացիկ նորոգումն է, մեկի կուտակած պարտքերը ազգովի մարելն ու «Տարածքային զարգացման աճի բեւեռի ձեւավորում» գեղեցիկ ձեւակերպումով հանրությանը ներկայանալը:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

28.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031