Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սաշուր Քալաշյան. «Գուրգենը օպերան քանդելու հետ կապ չունի»

Հոկտեմբեր 30,2017 14:05

Aravot.am-ը ճարտարապետ Սաշուր Քալաշյանից հետաքրքրվեց` ինչ կարծիքի է Գուրգեն Մուշեղյանի` աղմուկ հանած առաջարկի վերաբերյալ, ըստ որի՝ ճարտարապետն առաջարկում էր քանդել օպերան, տեղում կառուցել էստակադա` տրանսպորտային խցանումների եւ փողոցների գերծանրաբեռնվածության հարցը լուծելու համար:

«Գուրգենը (Գուրգեն Մուշեղյանը-Գ.Հ) նկատի չի ունեցել օպերայի շենքը քանդելը, այդտեղ թյուրիմացություն կա…Այո, ինքն առաջարկություն արել է, բայց խոսքն այլ բանի մասին է: Նկատի ունի` օպերայի մոտի Ֆրանսիայի հրապարակը քանդվի եւ ստեղծվի ստորգետնյա անցում, դա օպերայի շենքի հետ կապ չունի: Այդ նախագիծը մշակած քննարկել ենք քաղաքապետարանում: Օպերայի դիմացում, որտեղ խաչվում են Սայաթ-Նովան եւ Մաշտոցի պողոտան, պետք է կամ Սայաթ-Նովան մտնի գետնի տակ կամ էլ Մաշտոցի պողոտան…Խաչմերուկն, ըստ էության, պետք է իջնի ներքեւ, վերեւի մասում էլ երեք այգիները միանան: Խոսքը հետեւյալ այգիների մասին է` մեկն այն է, որտեղ նկարիչների վերնիսաժն է` Սարյանի արձանով, մյուսն այն այգին է, որտեղ Սայաթ -Նովայի արձանն է, եւ երրորդը այն է, որտեղ Թամանյանն է: Այդ երեք այգու կտորներն ըստ նախագծի միանում եւ մեկ այգի են դառնում…Այնպես որ, օպերան քանդելու ծրագիր չի եղել եւ չկա, եւ Գուրգենն էլ դրա հետ կապ չունի …Իմիջիայլոց, նշված նախագիծը վաղուց էսքիզային վիճակով քննարկվել է եւ հավանության է արժանացել, մնում է, որ կառավարությունը դրա անհրաժեշտությունը զգա եւ միջոց գտնի սարքելու»,-նշեց ճանաչված ճարտարապետը:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւս պնդում է, որ Գուրգեն Մուշեղյանը օպերայի շենքը քանդելը նկատի չի ունեցել: Նա գտնում է, որ աղմուկի պատճառը ասելիքն անհաջող ձեւակերպելու պատճառով է ծագել: «Թյուրընկալումը եւ սթրեսը մարդուն կարող են ինֆարկտի հասցնել: Տարօրինակ բան կլիներ, որ ինքը նման առաջարկ աներ: Ինքը ուրիշ բան նկատի ուներ, ձեւակերպման խնդիր է… Իսկ ընդհանրապես Գուրգեն Մուշեղյանը միշտ անհանգստություն է ունեցել, որ փողոցները ծանրաբեռնված են եւ կայանատեղիներ չկան»,-ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այսօր, շատերի համար է օպերան տեղանուն, այլ ոչ թե արվեստի օջախ …

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031