Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«96-ին մենք բրենդին չէինք նայում, երազում էինք ունենալ մի հատ կոստյում». Արամյանը՝ ժողովրդի պահանջների եւ բյուջեի մասին

Հոկտեմբեր 30,2017 13:53

«Միայն Ռուսթավելի փողոցը վերակառուցելով չի, պետք է լինեն ճանապարհներ, որ մարդիկ ոչ թե 2 ժամում հասնեն Գյումրի, այլ՝ մեկ ժամում, ժամ 20 րոպեում»- այսօր 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ ընդհանուր առմամբ շատ ամբիցիոզ եւ հավակնոտ բյուջե են ներկայացրել, բայց իրեն զարմացրեց այն, որ ներդրումներ- ՀՆԱ ցուցանիշը ընդամենը 0.2 տոկոս է ավելանալու, էական տեղաշարժ կամ բեկում չի տեսնում:

Արամյանը պատասխանեց՝ «Այնպես չի, որ ներդրումները շատ արագ արձագանքում են որեւէ գործողության: Դուք տնտեսագետ եք, լավ գիտեք: Ներդրումները երկարաժամկետ են սպասում, ներդրումը սպասում է գործողությունների, հետո կամաց-կամաց արձագանքում է: Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ նախ ներքին ներդրողները պետք է արձագանքեն, հետո նոր արտաքին: Արտաքինը այնպես չի, որ միանգամից գալու է ու ողողելու է քո տնտեսությունը»:

Խոսրով Հարությունյանը նաեւ հարցրեց՝ կա՞ վերլուծություն,օրինակ, արտոնությունները ոլորտ առ ոլորտ, ի՞նչ արդյունք են տալիս, որքա՞ն են նպաստում տնտեսական աճին, եթե ազդեցություն չեն տալիս, եկեք մտածենք: Մենք անընդհատ արտոնություններ ենք տալիս, ընդ որում, որեւէ գնահատական չի տրվում, ժամանակն է խոսել դրա մասին: Նա առաջարկեց միջնաժամկետ ծախսային ծրագրերը հաստատելիս ԱԺ-ի մասնակցությունն ապահովի:

Արամյանը դեմ էր, նա ասաց, որ ԱԺ-ն բյուջեն հաստատում է, կանաչ լույս է տալիս, ասում ՝ գնացեք իրականացրեք: Եթե միջնաժամկետ ծրագրերն էլ հաստատի, կստացվի, որ ԱԺ-ն է անում: Ինչ վերաբերում է արտոնություններին, Վարդան Արամյանն ասաց, որ իսկապես արտոնությունները պետք է ճիշտ գնահատեն, պետք է տնային աշխատանքը կատարեն ու պարզեն՝ որ արտոնությունը պետք է մնա, որը՝ ոչ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, նայելով հարկեր-ՀՆԱ հարաբերակցության սխեմաներին, որը ներկայացրել էր կառավարությունը՝ ասաց. «Շատ սիրուն պատկերներ են՝ կլոր, քառակուսի, ձվաձեւ, բայց դրանք ի՞նչ են փոխելու մարդկանց կյանքում: Որպես ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ, ուզում եմ կոնկրետ հարցադրում անել եւ ակնկալում եմ կոնկրետ պատասխան՝ առանց մանեւրի: Այս գծապատկերները ի վերջո պետք է հանգեն արդյունքի: Դուք պնդում, երաշխավորո՞ւմ եք, որ այս նախագիծը տեսանելի եւ խելամիտ ժամկետներում ազդելու է ժողովրդի կենսամակարդակի վրա, մենք ակնկալելո՞ւ ենք կյանքի փոփոխություն ժողովրդի համար: Որովհետեւ շատ գեղեցիկ գծապատկերներ են, համեմված երկարաշունչ խոսքերով, բայց դուք երաշխավորելո՞ւ եք, որ այս բյուջեի նախագիծը թեկուզ չնչին, բայց դրական ազդեցություն կունենա ժողովրդի կյանքի վրա»:

Արամյանը պատասխանեց. «Մենք երբեք չենք փորձում մանեւրել, դա ամենավտանգավոր բանն է: Մենք փորձում ենք հանրությանը ճիշտ ազդակները ներկայացրել, թե ուր պետք է գնանք: Իրականում բարդ է ասել, որ մենք սոցիալական ծախսերին ձեռք չենք տալիս, որովհետեւ խնդիր ունենք լուծելու: Եթե դուք հստակ ինձ ասեք՝ կյանքի որակի փոփոխություն ի՞նչ եք հասկանում, ի՞նչ գործիքով եք չափում, ես կասեմ՝ երաշխիք տալի՞ս ենք, թե՞ չէ՞»:

Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ կյանքի որակի փոփոխություն համարում է այն, ինչը սպառնալիք է հասարակության համար, այդ սպառնալիքների չեզոքացումը՝ աղքատության շեմի շարժ, արտագաղթ, կենսամակարդակի բարձրացում: Նա ասաց՝ այս բյուջեն հավակնո՞ւմ է մեղմել մարդկանց կյանքի խնդիրները, ժողովուրդը հոգնել է այս սխեմաների մասին լսելուց, երկարաշունչ ձեւակերպումներից, ժողովուրդը հոգնել է այս նկարչությունից:

Գագիկ Մինասյանը, որը վարում էր նիստը՝ միջամտեց. «Ժողովրդի անունից քիչ խոսացեք»: Գեւորգ Պետրոսյանն էլ արձագանքեց. «Ես ո՞ւմ անունից պիտի խոսեմ, եթե ժողովուրդն է մեզ ընտրել»:

Արամյանը պատասխանեց. «Միայն դուք չեք մտածում ժողովրդի մասին, այդպիսի տպավորություն չլինի: Ես վստահեցնում եմ՝ ինչ անում ենք՝ անում ենք մեր ժողովրդի համար»: Նա մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշները ներկայացրեց եւ ասաց՝ 2018-ին այն աճում է. «Էմոցիաները դնենք մի կողմ…Եկամուտների մասով համեստ աճ ունենք, ազգաբնակչությունն ունի դրական սպասումներ: Եթե զարգացած երկրներում տնտեսություններին գնաք հարցնեք՝ նախորդ տարվա նկատմամբ քո կյանքի որակը փոխվե՞լ է, երբ ունենաք 12 տոկոսանոց աճ, հիմնական պատասխանը կլինի բացասական: Մեկ բավարարված պահանջը ծնում է 10 հատ նոր պահանջ: Եթե մենք հետ գնանք, թե մենք ինչ էինք երազում 96-ին, մենք բրենդին չէինք նայում, երազում էինք ունենալ մի հատ կոստյում: Սպառողի հոգեբանությունն է այդպիսին, մշտապես նորմալ է, որ ազգաբնակչությունը լինի պահանջկոտ, այլ բան է, թե կառավարությունն ինչ է անում եւ երկիրն ուր է տանում: Վստահ ենք, որ երկիրը մենք ճիշտ ուղղությամբ ենք տանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031