Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դատապարտյալների համար կապահովեն տեսազանգից օգտվելու հնարավորություն. փոխնախարար

Հոկտեմբեր 30,2017 12:52

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբն այսօր ներկայացրեց 2016 թվականի գործունեության հաշվետվությունը:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի խոսքով, իրենք փորձում են հաշվի առնել դիտորդական խմբի կողմից ներկայացված խնդիրները: «Հիմնական խնդիրը, բողոքների 48,3 տոկոսը քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունների մատուցումն է: Ըստ այդմ՝ կառավարությունը ճիշտ է թիրախավորել այս ոլորտը, կառավարության գերակա ուղղությունների ծրագրով այս տարի բժշկական ծառայությունների արդիականացումը դիտարկվել է որպես գերակա ուղղություն»,- այսօր դիտորդական խմբի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց Սուրեն Քրմոյանը:

Ըստ նրա՝ ՔԿՀ-ների բուժանձնակազմի համար արդեն անցկացրել են վերապատրաստման դասընթացներ. «Արդեն 11 քրեակատարողական հիմնարկ հագեցվել է գերժամանակակից սարքավորումներով, քրեակատարողական ծառայողները նույնպես վերապատրաստվել են, որ առաջին բուժօգնության հետ կապված լուծումներ ունենան»:

Փոխնախարարի խոսքով, իրենք նաեւ հոգեբանական ծառայությունների մասով էլ են քայլեր արել, վերապատրաստվել են նաեւ ՔԿՀ-ների հոգեբանները. «Իհարկե, բավարար չեն կատարված աշխատանքները, դեռեւս շատ անելիքներ ունենք: Նախորդ զեկույցում խոսում էինք դատապարտյալի պահման պայմաններից, քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման խնդրի մասին, արդեն որպես կայացած փաստ՝ ներկայացնում ենք խցերի, տարածքների վերանորոգման, արեւային էներգիայով ջերմային պայմանների ապահովման մասին»:

Փոխնախարարը նկատեց նաեւ, որ ՔԿՀ-ներում սննդի ապահովման մասով խնդիրներ ունեն, հարցվածների 3,4 տոկոսն այս խնդրի մասին են բարձրացնում. «Նախորդ տարի էլ է արձանագրվել, որ հատուկ ուշադրության կենտրոնում են երեխաները, կանայք, հոգեբուժական հիվանդություններով տառապողները, հատուկ կարիքավորները»:

Նա ասաց, որ լուծելու են նաեւ ՔԿՀ-ներ արգելված իրերի թափանցումը. «Ինչ ենք դիտարկում, առաջին՝ հանձնուքների ինստիտուտի կանոնակարգումն է, լուծելով սննդի խնդիրը՝ հնարավորություն կունենանք նաեւ բացառել սննդամթերքը որպես հանձնուք փոխանցելը, կբացառենք նաեւ արգելված իրերի ներթափանցումը»:

Ըստ Սուրեն Քրմոյանի՝ դատապարտյալների համար նախատեսված է ապահովել կապի լրացուցիչ միջոցներ. «Հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ տեսազանգի հնարավորություն կունենանք ՔԿՀ-ներում ու փուլային եղանակով կներդնենք այն դատապարտյալների համար, որոնց հարազատներն արտասահմանում են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031