Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Իգլա»-ի գործով հերթական դատական նիստն է:
ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն: Գործով մյուս մեղադրյալներն են Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը՝ հայտնի որպես «Ժորիկ», Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը: Սամվել Բաբայանին նաեւ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել:
Այս նիստում ցուցմունք է տալիս ամբաստանյալ Սամվել Բաբայանը: Մեղադրանքի առնչությամբ նա ասաց՝ չի կարող իրեն մեղավոր ճանաչել, եթե գործում հանցանք չկա:
Սամվել Բաբայանը պատմեց՝ 2016թ. մարտին գործով մյուս ամբաստանյալ, ազատամարտիկ Սանասար Գաբրիելյանն իրեն պլաշետով ցույց է տվել «Իգլա»-ի լուսանկարներ ու հարցուփորձ արել, ինքն էլ բացատրել է, որ բացակայող մասնիկ կա, առանց որի «Իգլա» համալիրը չի կարող աշխատել: Սանասար Գաբրիելյանը հարցրել է՝ «կարո՞ղ է այն բանակին պետք գալ», Բաբայանն էլ, ինչպես ինքը նշեց, ասել է, որ «այո», եթե համապատասխան կերպով փաթեթավորվի եւ հողում թաղվի: Ըստ Բաբայանի՝ խնդիրն այն էր, որ Գաբրիելյանի վրա քրեական գործ կհարուցեին, եթե «Իգլան» ձեռքին բռնվեր, ուստի թող այնպես անի, որ ստացվի՝ ռազմամթերք է հայտնաբերվել: Այդ դեպքում, ինչպես շեշտեց Բաբայանը, զինատեսակը կարելի էր հանձնել եւ չենթարկվել քրեական պատասխանատվության:
Սամվել Բաբայանը պնդեց՝ ինքը Սանասար Գաբրիելյանից չի հետաքրքրվել, թե որտեղից այդ «Իգլան», իսկ երբ Գաբրիելյանը ձերբակալվել է, վերջինիս ընկերոջը հրահանգել է պլանշետից ջնջել զենքի լուսանկարները: «Ես դրդել եմ չիրականացնել Իգլա»-ի գործարքը, ոչ թե կատարել այն: Չեմ գտնում, որ այդ «Իգլան» Վրաստանից է, ես դա կապացուցեմ՝ որտեղի՞ց է եւ ո՞ւմ գարաժից»,-ասաց Բաբայանը:
Մեղադրող-դատախազ Արամ Արամյանը հարցեր ուղղեց.
-Դուք եւ Սանասար Գաբրիելյանը գումարային պարտք ու պահանջ ունեցե՞լ եք:
-Ոչ, ինքը պետք է Վրաստանից տախտակներ բերեր ինձ համար, դա է միայն եղել:
-Ինչո՞ւ հենց ձեզ է ցույց տվել «Իգլա»-ի լուսանկարները:
–Նա իմ մտերիմն է, որին գիտեմ 1992թ-ից, նա ծառայել է ինձ մոտ: Էլ ո՞ւմ ցույց տար, եթե ոչ ինձ: Եթե ձեր մոտ բերեր, կիմանայի՞ք ինչ է: Ես, լավ հասկանալով, որ դա ռազմամթերք է, որի պատճառով նրա դեմ կարող էր գործ հարուցվեր, նման խորհուրդ եմ տվել:
-Սանասար Գաբրիելյանն իր ցուցմունքում նշել է, որ «Իգլան» պետք է բանակին նվիրեր: Ի՞նչ է ձեզ հայտնի այդ մասին:
-Տեղյակ չեմ եղել: Սանասարը բացատրություններ չի տվել:
-Դատարանում դուք ասացիք, որ «Իգլան» պիտանի չէ, հիմա էլ ասում եք, թե պիտանի կարող էր լինել: Ինչպե՞ս դա կբացատրեք:
-Դա զինամթերքի մասնիկ է, եթե պակասող մասը գտնվի՝ պիտանի կլինի:
Սամվել Բաբայանի խոսքով՝ ինքը հանցագործ չէ, ոչ մեկի չի դրդել «Իգլա» ձեռքբերելուն, նման փաստ չկա:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ