«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցներում անդրադարձավ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ ֆեյսբուքյան գրառմանը: «Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից… »,- գրել է Սեյրան Օհանյանի կինը`անդրադառնալով բարձրաստիճան մի պաշտոնյայի ծառայության մասին պատմությանը`նշելով, որ վերջինս հիմա «փիլիսոփայում» է իբրեւ «մեծ ուսուցիչ»:
Նիկոլ Փաշինյանը տպավորություն ունի, որ տիկին Խաչատրյանը խոսում էր Վիգեն Սարգսյանի մասին: Կարծում է, որ նախարարը պետք է հստակ, փաստաթղթային հիմնավորումներ ներկայացնի 1992 թվականին իր բանակ չզորակոչվելու մասին: Հիշեցնում է`Վիգեն Սարգսյանը 2000-2003 թվականին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում ու նա իր ծառայությունն անցկացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում, եղել է պաշտպանության նախարարի ռեֆերենտ:
Նիկոլ Փաշինյանի «ծայրահեղ ոչ պատշաճ վարքագիծ» է համարում, երբ կամավոր ծառայության մեկնածի պատվոգիրը Վիգեն Սարգսյանը փորձում է կասկածի տակ դնել: Խոսքն իրենց խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի մասին է:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ