Այսօր ԽՍՀՄ քաղբանտարկյալների օրն է։ Ամեն տարի այս օրը այս կապակցությամբ ես մի բան գրում եմ։ Ոչ թե այն պատճառով, որ առանց այդ օրը հիշելու ու նշելու ես չեմ պատկերացնում ինձ, այլ միայն այն պատճառով, որ հիշեցնեմ մարդկանց, մեզ բոլորիս, մեր երեկվա օրը։ Փորձը ցույց է տալիս, որ մենք մեր այդ օրը կամ դժվարությամբ ու չկամորեն կամ էլ աղավաղված ենք հիշում ու ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել այդ օրվա բեռից։ Քարշ ենք տալիս այն մեզ հետ ու փչացնում ենք մեր այսօրը։
Ասածիս ապացույցը հայաստանյան իշխանությունների, անկասկած, իշխանության ամենավերին օղակի ցուցումով, Թումանյանի տուն-թանգարանի աստիճանավանդակին բացված «Խավարում» ցուցադրության փակումը կարող է լինել։ Ցուցադրություն, որ պատմում էր 1918թ․հռչակված Հայաստանի առաջին հանրապետության տապալման մեջ հայազգի բոլշեւիկների ունեցած դավաճանական դերակատարման, Հայաստանի վրա հարձակված Թուրքիային բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից ցուցաբերած աջակցության եւ ստալինյան շրջանի բռնությունների մասին։ Ցուցադրությունն արգելելով նրանք ցույց տվեցին, որ իրենք այդ ցուցադրությունում դիմազերծված բոլշեւիկների եւ ստալինյան բռնությունների կազմակերպիչների ու իրականացնողների հոգեզավակներն ու հետեւորդներն են։
Ռուսաստանում իշխանության ղեկին նախկին չեկիստ է նստած, բայց այս օրը նշվում է այնտեղ որպես քաղաքական բռնությունների զոհերի հիշատակի օր, իսկ Պուտինի հրամանագրով Մոսկվայում քաղաքական բռնությունների զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով հուշահամալիր է կառուցվում։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ այսօր քաղաքական բռնություններով հարուստ Ռուսաստանի իշխանությունների կողմից նման հուշահամալիր կառուցելու հանգամանքը կարելի միայն որպես երեսպաշտության վառ օրինակ դիտարկել, բայց այս ֆոնին Հայաստանում Պուտինից ավելի Պուտին երեւալ ցանկացողները, չհասկանալով իրենց ժամանակավրեպությունը, իրենց վիճակի ծիծաղելիությունը, իրենց սնանկությունը եւ իրենց խեղճ ու մեղք լինելը, քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված գեղեցիկ ու իր բնույթով խիստ տեղեկատվական ցուցադրությունը փակում են։
Ինչեւէ, այս օրը տարիներ շարունակ, մինչեւ խորհրդային իշխանության տապալումը, նշվել է միայն քաղաքական բանտարկյալների կողմից՝ կալանավայրերում՝ մեկօրյա հացադուլով եւ վերաբերվել է միմիայն խորհրդային տարիների քաղբանտարկյալներին, բայց այսօր այն ավելի լայն իմաստ է ստանում։
Այսօր, արդեն անկախ Հայաստանում ապրողներս, խորհրդային շրջանի բանտերով, ճամբարներով ու հոգեբուժարաններով անցածներին հիշելուն զուգահեռ պարտավոր ենք անուն առ անուն նշել մեր օրերում իրենց ծավալած հասարակական ու քաղաքական գործունեության համար կալանավայրերում հայտնված մարդկանց։
Եվ ամոթ է, եւ ցավ է, որ մեր երկրում կան քաղբանտարկյալներ։
Եվ ամոթ է, եւ ցավ է, որ Հայաստանում հոկտեմբերի 30-ը պատմություն չի դառնում։
Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
նախկին քաղբանտարկյալ