Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնին չեն որակազրկում

Հոկտեմբեր 30,2017 11:50

Օրերս, հայկական շատ լրատվամիջոցներ՝ հղում անելով ՀԱՕԿ լրատվականին, մեջբերել էին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի պարզաբանումը՝ Գրիգոր Սահակյանին մեկ տարով որակազրկելու կապակցությամբ, ուր նորանշանակ պաշտոնյան հետևյալ միտքն էր արտահայտել. «Մենք ամբողջ տարին նրան պատրաստում ենք, գումար ենք ծախսում, ընդգրկում ենք հավաքների, ուղարկում միջազգային մրցաշարերի: Սակայն, նա մասնակցեց մեկ այլ մարզաձեւի աշխարհի առաջնությանը, երբ առջեւում ձյուդոյի ԱԱ-ն էր: Սահակյանը նախընտրեց սամբոն»:

Անտեղյակ ընթերցողի մոտ, բնական է, կծագի հետևյալ միտքը, առաջին՝ մարզիկն ուրացել է ձյուդոյի ֆեդերացիայի ներդրումն ու դավաճանելով հարազատ մարզաձևին՝ մասնակցել է օտար մարզաձևի աշխարհի առաջնությանը, երկրորդ՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան «հավաքագրել» է մարզիկին ու տարել աշխարհի առաջնության:

Միանգամից նշենք, որ Գրիգոր Սահակյանը ո՛չ առաջին, ո՛չ էլ, համոզված ենք, վերջին մարզիկն է, որ մասնակցում է և՛ սամբոյի, և՛ ձյուդոյի մրցաշարերին կամ առաջնություններին:
Մեր երկու մարզաձևերն էլ, ի սկզբանե, եղել են բարեկամ, ձյուդոն Հայաստանում հաստատվել է հենց սամբոյի հենքի վրա, զարգացել ու փորձել հասնել հաջողությունների միջազգային ասպարեզներում: Ժամանակին երկու մարզաձևերը նույն ֆեդերացիայի կազմում էին, այսօր՝ մեր երկրում գործում են սամբոյի և ձյուդոյի բազմաթիվ մարզադպրոցներ ու խմբակներ:

Ինչ վերաբերվում է ծախսած գումարներին. Հայաստանի կառավարությունը տարեկան Ձյուդոյի ֆեդերացիային հատկացնում է 71 մլն դրամ, Սամբոյի ֆեդերացիային՝ 20 մլն: Բնական է, մենք ուսումնամարզական շատ հավաքներ անցկացնելու հնարավորություն չունենք, փոխարենը՝ շնորհիվ մարզիչների փորձի, մարզիկների պատրաստման վաղուց ձևավորված սիստեմի և մեթոդիկայի, օգտագործելով նաև համաշխարհային փորձի հատուկ տեխնոլոգիաներ, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ սամբիստները տասնամյակներ շարունակ տարեկան նվաճում են շուրջ 30 ոսկե, արծաթե, բրոնզե մեդալ: Եվ երբ ձյուդոյի ֆեդերացիան մեր լավագույն սամբիստներին ընդգրկում է իր կազմակերպած տարատեսակ մրցաշարերում, մենք միայն ուրախ ենք, քանի որ, ինչպես և նախկինում, այսօր էլ պատրաստ ենք սամբոյի մրցագորգի վրա հաստատված տոկունությունն ու հաղթական կամքը փոխանցել նաև ձյուդոյի տատամի:

Դարձյալ Գրիգոր Սահակյանի մասին, ով ավելի քան 5 տարի Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ է, սկզբում՝ պատանեկան, ապա՝ երիտասարդական: Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն և մրցանակակիր է, իսկ այս տարի՝ 2017-ին, նվաճեց Սամբոյի Եվրոպայի և աշխարհի երիտասարդական առաջնությունների հաղթողի տիտղոսը: Մեզ համար շատ ուրախալի էր, որ դարձավ նաև Ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Մեր խորին համոզմամբ, եթե Գրիգորը մասնակցեր նաև Ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությանը, համոզված ենք, որ այնտեղից նույնպես հաջողությամբ կվերադառնար, մանավանդ, որ Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող դառնալուց հետո ուժերը վերականգնելու համար ժամանակ կար, մրցավայրերն էլ իրար բավական մոտ էին. մեկն անցկացվում էր Սերբիայում, մյուսը՝ Խորվաթիայում:

Մենք չենք քննարկում Ձյուդոյի ֆեդերացիայի ղեկավարության որոշումը, դա բացառապես իրենց որոշելիքն ու անելիքն է: Մեզ համար տարօրինակը լրատվամիջոցներին տրված պարզաբանման կերպն էր, մանավանդ, երբ դա տեղի է ունենում երկու մարզաձևերի ֆեդերացիաների նախագահների հանդիպումից ընդամենը մի քանի օր անց, ուր ես՝ Լևոն Հայրապետյանս ու Վարդան Ոսկանյանը, ով ի դեպ, Սամբոյի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն և մրցանակակիր է, ևս մեկ անգամ հաստատեցինք մեր համագործակցությունն ու բարեկամությունը՝ փաստելով, որ ոչ օլիմպիական սամբոն այսօր էլ պատրաստ է օլիմպիական ձյուդոյի համար ծառայել որպես լավագույն հարթակ:

 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031